Սպորտ

Փարիզ-2024. Արթուր Դավթյանն արժանի էր ոսկե մեդալի. Հակոբ Սերոբյան

3 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Արթուր Դավթյանն արժանի էր ոսկե մեդալի. Հակոբ Սերոբյան

ՓԱՐԻԶ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփեց երկու մարմնամարզիկների` Արթուր Դավթյանի և Վահագն Դավթյանի ելույթները Փարիզ-2024-ում:

«Շատ ուրախ եմ ու նաև շատ գոհ եմ: Վահագնը ունեցավ իր ամենալավ կատարումը: Նա ավելին չէր կարող: Մենք իրատես էինք և գիտեինք, որ մեդալային շանսեր ուներ միայն Արթուրը, իսկ Արթուրը մեզ վախեցրեց որակավորման փուլում (հեղ.-նա որակավորման փուլում գրավեց 7-րդ տեղը): Կարող էինք և ոսկի նվաճել: Արթուրն արժանի էր ոսկե մեդալի, սակայն մրցակցությունը շատ ուժեղ էր, իսկ վարժությունն ամենավերջինը կատարելն ավելի է բարդացնում գործը»,-«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը: 

Վերջինիս խոսքով` Արթուր Դավթյանը Փարիզ-2024-ում ևս մեկ անգամ ապացուցեց, որ պրոֆեսիոնալ է և դեռևս ժամանակ ունի անելու այն, ինչին ունակ է: 

«Արթուրը մինչև մյուս Օլիմպիական խաղերը վստահաբար պայքարելու է: Հիմա, երբ Փարիզ-2024-ն անցյալում է, պետք է բարձրաձայնել. Արթուրը ծնկների հետ կապված լուրջ խնդիր ունի, ունի նաև մեջքի ցավեր»,-հայտնեց մասնագետը:

Ըստ գլխավոր մարզչի՝ հաջորդիվ եկող սերունդների համար ժամանակակից գործիքներ են պետք, նրանք տաղանդավոր են, սակայն մրցունակ լինելու համար նրանց միջազգային ու արդիական գործիքներ են պետք: 

«Մեզ համար Օլիմպիական խաղերին մասնակցողների քանակը չէ կարևոր, կարևոր է որակը: Թող լինի մեկը, բայց ոսկե մեդալի արժանանա։ Մենք հրաշալի փոքր սերունդ ունենք»,- ասաց Սերոբյանը։ 

Նրա խոսքով՝ շատ կարևոր է մարզիկների վնասվածքների ճիշտ բուժումը: Սերոբյանն ընդգծում է, որ կան մարզիկներ, որոնք շատ լուրջ վնասվածքներ ստանալուց հետո վիրահատվում են և դրանից մի քանի ամիս անց վերադառնում են մեծ սպորտ, սակայն Հայաստանում լուրջ մասնագետներ չկան, մասնագետները Գերմանիայում են։ 

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակչում հավաքեց 14.966 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է: Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է: 

Օղակների եզրափակչում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը գրավել է 6-րդ հորիզոնականը:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում