Աշխարհ

Բրիտանիայի ոստիկանությունը վախենում է երեխաների վրա հարձակումից հետո նոր անկարգություններից

3 րոպեի ընթերցում

Բրիտանիայի ոստիկանությունը վախենում է երեխաների վրա հարձակումից հետո նոր անկարգություններից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Բրիտանացի իրավապահները վախենում են նոր անկարգություններից առաջիկա մի քանի օրվա ընթացքում այն ​​բանից հետո, երբ երկուշաբթի անգլիական Սաութփորթ քաղաքում երեխաների վրա դանակով հարձակում կատարվեց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Մերսիսայդի կոմսության ոստիկանապետ Սերենա Քենեդին։ 

«Այո, կան տվյալներ այլ իրադարձությունների մասին, որոնք կարող են տեղի ունենալ շաբաթվա վերջին, մենք պատրաստվում ենք դրան»,- ասել է ոստիկանապետը և հավելել, որ զինվորականներին ներգրավելու պլաններ չկան, իրավապահներն ունեն բավարար ռեսուրսներ։

Նրա խոսքով՝ երեկվա անկարգությունների մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել, սակայն հետաքննությունը շարունակվում է հնարավորինս շատ իրավախախտների ինքնությունը պարզելու համար։ Մեկնաբանելով նրանց դրդապատճառը՝ նա հավելեց, որ ցուցարարների գործողությունները թելադրված են խուլիգանական և ավազակային դրդապատճառներով։

Ոստիկանապետը հայտնել է, որ անկարգությունների ժամանակ տուժել է 54 ոստիկան։ Իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ, կտրվածքներ, ուղեղի ցնցումներ։ Քենեդին հայտնել է, որ երեխաների վրա դանակով հարձակման հետաքննությունը նույնպես շարունակվում է, վիրավոր երեխաները բուժվում են և դեռ դուրս չեն գրվել հիվանդանոցից։

Նախօրեին Սաութպորտի մզկիթի մոտ անկարգություններ էին տեղի ունեցել, որոնք ենթադրաբար կազմակերպվել էին «Անգլիական պաշտպանության լիգա» ծայրահեղ աջ շարժման կողմնակիցների կողմից։ Սադրիչները ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, աղբամաններ ու աղյուսներ, ինչպես նաև այրել են մեքենաներ։ Մինչ այդ համացանցում լուրեր էին տարածվել, որ կալանավորված կասկածյալը ապաստան հայցող է։ 

Բրիտանական Մերսիսայդ շրջանի ոստիկանությունը ավելի վաղ հայտնել էր Սաութպորտում դանակով հարձակման մասին։ Իրավապահները բերման են ենթարկել 17-ամյա դեռահասի, նա ուղարկվել է ոստիկանություն՝ հարցաքննության։ Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել երեխաների պարի դասընթացների ժամանակ։ Արդյունքում երեք երեխա մահացել է, ութ երեխա և երկու մեծահասակ վիրավորվել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում