ՓԱՐԻԶ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտիկ տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանի կատարած աշխատանքից:
«Դավիթը ցույց տվեց այն ամենն, ինչին ունակ էր` ցուցադրելով իր կամային որակները: Իհարկե, կան սխալներ, բայց նա հաղթեց իր կամային որակների շնորհիվ»,- ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ի թղթակիցը` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:
Վերջինիս խոսքով` գերծանր քաշային կարգում հեշտ մրցակիցներ չկան` հատկապես Օլիմպիական խաղերի մասնակից բռնցքամարտիկների շարքում:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում: Անդրանիկ մենամարտում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցեց Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Օրի Դելիշեսի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց առաջին ռաունդում, սակայն հաղթեց հաջորդ երկուսում և գերազանցեց ընդհանուր 3:2 հաշվով: Հաջորդ մենամարտը Չալոյանը կանցկացնի օգոստոսի 2-ին:
Վարվառա Հայրապետյան