Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի տնտեսությունը կպահպանի աճի տեմպերը, եթե արտաքին գործոնների կտրուկ ազդեցություն տեղի չունենա: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, վերլուծելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշները, նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հովհաննես Մելքումյանը:

- Վիճակագրությունը հուշում է, որ այս տարվա հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 11.2 տոկոսով, իսկ 2023 թվականի հունիսի համեմատությամբ արձանագրվել է 7.1 տոկոսի աճ: Դա վկայում է Հայաստանի տնտեսության աճի նոր տեմպի մասի՞ն, թե՞ այլ գործոնների դրսևորման արդյունք է: 

- Տարվա առաջին ամիսների համեմատ՝ մայիս-հունիսին Հայաստանի տնտեսությունում որոշակի դանդաղեցում էր նկատվել, սակայն նախորդ տարիների համեմատությամբ տնտեսական աճը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա: Ձեր նշած ժամանակահատվածներում տնտեսական ակտիվության ցուցանիշների աճը ամառային հանգստի շրջանում որոշակի աշխուժության դրսևորում է: Զբոսաշրջային ավելի ակտիվ փուլ է սկսվել, դրանից ելնելով էլ հունիսին մարդկանց տնտեսական ակտիվությունը մայիսի համեմատ աճել է: Իսկ ահա 2023-ի հունիսի համեմատ այս տարվա ամառվա առաջին ամսին գրանցված 7.1 տոկոս աճն այնքան էլ բարձր չէ՝ նկատի ունենալով վերջին 8 ամիսների ցուցանիշները: Տնտեսության հիմնական շարժիչ ուժը շարունակում են մնալ առևտուրը, արդյունաբերությունը, ինչպես նաև շինարարության և ծառայությունների ոլորտները:

- Ինչո՞վ էր պայմանավորված մայիսին Հայաստանի տնտեսական աճի դանդաղեցումը:

- Եթե նայենք ըստ ոլորտների, ապա դրան հիմնականում նպաստել են ծառայության ոլորտի ցուցանիշների նվազումը: Մինչդեռ, առևտրի և արդյունաբերության ոլորտներում մայիսին պահպանվել է բարձր տեմպը:

- Պահպանվում են արտաքին առևտրաշրջանառության բարձր տեմպերը: Արտահանման և ներմուծման կառուցվածքում նկատվո՞ւմ է փոփոխություն:

-Էական փոփոխություններ չկան: Անցած տարվա համեմատ աճը իսկապես բավականին բարձր է: Դա պայմանավորված է հատկապես մետաղների ու ոսկու առևտրի գործոններով: Արտահանման ընդհանուր կառուցվածքում շարունակում է բարձր մնալ ոսկու մասնաբաժինը: Առևտրաշրջանառության ուղղությունների առումով շարունակում է գերիշխել Ռուսաստանից ներմուծումը և արտահանումն այդ երկիր: Բավականին մեծ է նաև դեպի ԱՄԷ արտահանման ծավալը:

- Ձեր գնահատմամբ՝ նման տեմպերով տարեվերջին կհաջողվի հասնե՞լ կառավարության՝ այս տարվա համար նախանշած 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշին:

- Կիսամյակային տվյալները նպաստում են դրան: Կարծում եմ՝ կհաջողվի: Թեպետ տարվա ընթացքում մի փոքր նվազում է գրանցվել, բայց միևնույն է աճի տեմպերը պահպանվում են:

- Գնաճ սպասվո՞ւմ է:

- Հունիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գներն աճել են ընդամենը 0.8 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ շուկան դեռևս գնանկումային միջավայրում է: Կարծում եմ, գնաճային սպասումներ չենք կարող ունենալ: Հնարավոր է՝ գնաճի ցուցանիշը որոշակի բարձրանա, բայց այն վստահաբար կշարունակի մնալ թիրախային միջակայքում: Վերջին ամիսներին գրանցվել են աննշան գնաճային ցուցանիշներ, բայց դրանք մինչև 1 տոկոսի սահմանում են: Դրանից ելնելով էլ կարող ենք ասել, որ էական գնաճ տեղի չի ունենա:

- Այսինքն, տնտեսական կտրուկ վայրիվերումներ երկրորդ կիսամյակում չե՞ն կանխատեսվում:

- Նման բան կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե արտաքին գործոններով պայմանավորված որոշակի տատանումներ տեղի ունենան հատկապես առևտրի և արդյունաբերության ոլորտներում, որոնք 2023 թվականի վերջից հանդիսանում են մեր տնտեսության աճին նպաստող հիմնական գործոնները: Տատանումների դեպքում հնարավոր են կառուցվածքային որոշակի տեղաշարժեր: Հակառակ պարագայում, կարծում եմ, այս տեմպերով կշարունակվի: Արտաքին գործոնների դերը շատ կարևոր է. այն բոլոր առումներով ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության վրա: Այնպես որ, տնտեսական գործոններով պայմանավորված ցնցումներ, կարծում եմ, չեն լինի, եթե արտաքին հանգամանքների կտրուկ շարժ տեղի չունենա:

Հրայր Նազարյան                     

Հայերեն Français Русский

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք ԱԱ-ից

Ազգային ժողովի նիստ

Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Գողացված մեքենայի գույքահարկը սեփականատերը չի վճարի

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին, շեշտել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության կարևորությունը

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին