ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Նյու Դելիում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի շրջանակներում կազմակերպել է «Art that Reinstates Friendship: Ajanta Revisited in Armenia» խորագրով հարակից միջոցառումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայաստանի ազգային պատկերասրահում առկա Հնդկաստանի Աջանտայի քարանձավների որմնանկարների հայազգի անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի 1930-ականների կտավների կրկնօրինակների ցուցադրության բացմանը Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում նշել է, որ նման նախաձեռնության ուղղությամբ քննարկումներ և աշխատանքներ են տարվել երկու երկրների ԱԳ նախարարների՝ Երևանում 2021թ. կայացած հանդիպումից հետո:
ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի և ցուցադրության կազմակերպման աջակցության համար՝ ընդգծելով, որ մշակութային ժառանգությունը հանդիսանում է որպես ժողովուրդներին միավորող կամուրջ՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, լեզվական կամ կրոնական առանձնահատկություններից:
ՅՈւՆԵՍԿՕ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Վիշալ Վ. Շարման միջոցառմանն իր խոսքում հանգամանալից անդրադարձել է հայ-հնդկական մշակութային վաղեմի և ներկայիս կրթագիտական փոխգործակցությանն ու դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունների կարևորությանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Հնդկաստանում և ՅՈւՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, ինչպես նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանը մանրամասներ է ներկայացրել հայ նկարչի՝ Հնդկաստանում ծավալած գործունեության և ստեղծագործությունների մասին:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի շրջանակներում ներկայացված Հայաստանի տաղավարը, որում ցուցադրված են հեղինակի կտավների կրկնօրինակները, կգործի մինչև նստաշրջանի աշխատանքների ավարտը: