«Օլիմպիականները. Փարիզ-2024». ինձ համար լողը նման է կնոջ. Արթուր Բարսեղյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականը երկու ներկայացուցիչ կունենա Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Երկուսն էլ մասնակցում են իրենց երկրորդ խաղերին: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը կներկայացնի Արթուր Բարսեղյանը: Վերջինիս հետ մեր հանդիպումը կայացավ Reebok մարզահամալիրում, որտեղ մարզվում է լողի հավաքականի հիմնական մասը: Բարսեղյանի  համար այս խաղերը երկրորդն են պրոֆեսիոնալ կարիերայում: «Արմենպրես»-ի հատուկ նախագծի` «Օլիմպիականները. Փարիզ-2024»-ի հաջորդ և վերջին հերոսը հենց Արթուր Բարսեղյանն է:

Արթուր Բարսեղյան

Լողորդ (ազատ ոճ)

22 տարեկան

Բանակային խաղերի չեմպիոն

Բուլղարիայի բաց առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր

Փարիզ-2024-ն երկրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրը` հուլիսի 30

 

-Արթուր, ինչպիսի՞նն է մարզիկի առօրյան:

-Առօրյայում ամենակարևորն ուտելիքն է: Առավոտյան արթնանալուն պես մարզվում եմ: Այնուհետ՝ վերադարձ տուն, կրկին ուտել, հանգիստ առնել ու վերադառնալ երկրորդ մարզմանը: 

-Արդյո՞ք այս կրկնվող մարզումային շրջանը չի հոգնեցնում և ինչպե՞ս եք գտնում նորից մարզվելու «կայծը»:

-Եթե անկեղծ, այդ կայծն արդեն իսկ չկա: Այս Օլիմպիական խաղերից հետո գալու է մի կետ, որտեղ ուզում եմ հանգիստ վերցնել: Այն կարող է լինել շատ երկար կամ կարող է միջին երկարության լինել: Ֆինանսական խնդիրները շատ են: Իմ պարագայում առկա է ֆինանսական խնդիր, որի լուծումը սպորտը կիսատ թողնելն է: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ լողին: Իմ կյանքում եղել է միայն լողը և այլ բան չի եղել, գուցե ինչ-որ հոբիներ էլ կային, բայց միշտ լողն է եղել: Այս խնդիրը միայն Հայաստանում չէ, սա համաշխարհային սպորտում պրոֆեսիոնալ մարզիկների խնդիրն էլ է: Մենք չունենք մասնագիտություն: Հայկական սպորտում միայն գուցե Արսեն Ջուլֆալակյանն է, որ ըմբշամարտից զատ նաև հիմնական կրթություն ունի: Սպորտը թմրանյութի պես բան է: Դու միշտ կախվածություն ունես նրանից: Պրոֆեսիոնալ սպորտը ոչնչացնում է առողջությունը: 

-Սա Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն են: Ինքներդ էլ շատ մոտ էիք ուղեգիր նվաճելուն, բայց կմասնակցեք «սպիտակ քարտով»: Ի՞նչ եք ուզում ստանալ այս խաղերից: 

-Մոտ մեկ տարի Հայաստանում չէի, Ֆրանսիայում էի, մարզումներս էլ անցկացրի այնտեղ: Միտք ունեի, որ մարզիչս, ում հետ աշխատում էի այնտեղ, ինձ կհասցնի օլիմպիական ուղեգրի: Բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Չեմ մեղադրում ոչ մարզչին, ոչ ինձ: Բայց կային նուրբ պահեր, որոնց պետք է հետևեր Հայաստանի լողի ֆեդերացիան, մարզիչները, որոնք չարվեցին: 

-Տոկիոյի Օլիմպիական խաղերից անցել է 3 տարի: Ի՞նչ են տվել այդ Խաղերը Ձեզ:

-Առավել մեծ էֆեկտ ստացել եմ այս Օլիմպիական խաղերի նախապատրաստվելու ժամանակ: Երբ մրցաշարի մասնակցության վարկանիշ ես ունենում, քեզ բարձրակարգ մարզիկների շարքին ես դասում: Բայց այս խաղերին չկարողանալով ուղեգիր նվաճել, այդ ժամանակ ես հասկանում Օլիմպիական խաղերի ամբողջ էությունը: Որքանով որ կարող ես հաջողել, նույնքան էլ կարող ես տապալել: Ինձ համար Օլիմպիական խաղերը զուտ փուլային մրցաշարեր են: 

-Հիշում եմ մեր նախորդ զրույցը Տոկիոյի նախագծի շրջանակներում: Ինչպիսի՞նն էիք Դուք այն խաղերին և ի՞նչ է փոխվել այժմ:

-Այն ժամանակ կարծես ինչ-որ չափով անհոգ էի: Առավել հեշտ ու մեղմ էի պատկերացնում կյանքը: Բայց գնալով հասկանում եմ, թե դժվարություններն ինչ գույներ են տալիս կյանքին: Եվ այդ գույները հիմնականում սև են, սպիտակ ու մոխրագույն: Միայն այդ ժամանակ ես հասկանում, որ դու ինքդ ես գույն տալիս կյանքին: 

-Այդ դեպքում ի՞նչն է մոտիվացնում Ձեզ: 

-Ինձ մոտիվացնում էր ծնողներիս` զավակին հաջողած տեսնելու քաղցը: Բայց հիմա մտքումս այն է, թե երբ հեռանամ սպորտից, ինչով եմ զբաղվելու: Բայց նաև ուզում եմ մնալ սպորտում` փորձելով հետ բերել մոտիվացիաս: Եվ եթե անկեղծ, հիմա ոչ կյանքի, ոչ սպորտի հանդեպ մոտիվացիա չունեմ: 

-Նախորդ զրույցներն ուսումնասիրելիս կարդացի Ձեզ պատկանող այս միտքը. «Մենք ազատ ենք այնքանով, քանի դեռ ապրում ենք»: Դեռ հավատարի՞մ եք Ձեր այս մտքին:

-Միշտ, միշտ հավատարիմ եմ մնալու: Մեր ապրելակերպից է գալիս մեր ազատությունը: Մտքի ուժի կշիռը հնարավոր է հազարավոր տոննաներ լինել և հենց այդ միտքը կարող է քեզ այնպես ճզմել, որ չկարողանաս անգամ շարժվել: Բայց նույն հաջողությամբ այն կարող է անգամ քաշ չունենալ:  

-Ո՞րն է լողի գեղեցկությունը Ձեզ համար:

-Ինձ համար լողը նման է կնոջ: Միշտ նրանց ընդհանրացրել եմ իրար հետ: Այն շատ հաճելի է, քաղցր է, հետաքրքիր է և պիտանի: 

-Սպորտային մի իրադարձություն կա՞, որը կցանկանայիք վերապրել:

-Կուզեի հետ գնալով հասնել մինչև 2018 թվական, Բուենոս Այրես, որտեղ կայացան պատանեկան Օլիմպիական խաղերը, որտեղ գրավեցի 7-րդ հորիզոնականը: 

 -Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը՝ «Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…»

-… կամ վերջին Խաղերը, կամ նոր սպորտային կյանքի սկիզբ:

Արթուր Բարսեղյան

Արթուր Բարսեղյան

Արթուր Բարսեղյան

Արթուր Բարսեղյան

Արթուր Բարսեղյան

Արթուր Բարսեղյան

Արթուր Բարսեղյան

Արթուր Բարսեղյան

Արթուր Բարսեղյան

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան   

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերյանի

Հայերեն Español Русский 中文

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև