Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայրենական առաջին տիեզերական արբանյակը` «Հայասաթ-1»-ը, տիեզերք է արձակվել առաջին հերթին փորձնական նպատակով։ Անհրաժեշտ է հասկանալ, արդյոք Հայաստանը կարող է սեփական ուժերով ստեղծել ու ուղեծրին կառավարել նման սարքավորմամբ։ Նախագծի հաջողության դեպքում հնարավորություն կստեղծվի այն շարունակելու` նոր, ավելի բարդ ու ավելի լայն ֆունկցիոնալությամբ սարքերի միջոցով։ Տիեզերագնացության ոլորտը, հատկապես` զբոսաշրջային տիեզերագնացությունը, տեխնոլոգիական զարգացման հետ միասին անդադար ընդլայնվում ու աճում է, ու այս ահռելի շուկայում Հայաստանը նույնպես կարող է տեղ գտնել` քայլերի ճիշտ հաջորդականության շնորհիվ։ Մեր առջև ամայի, սակայն խիստ բերրի տարածություն է, ու միայն մեզանից է կախված, թե ինչ արդյունքներ կստանանք։
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսում են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կխոսեն գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։
Փոդքաստի նոր թողարկման հյուրն է աստղագետ, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։