Գիտություն

Հայ բժշկը Հնդկաստանում անցկացված գիտական համաժողովում ներկայացրել է օնկոգինեկոլոգիայի ոլորտի կարևոր ձեռքբերումները

3 րոպեի ընթերցում

Հայ բժշկը Հնդկաստանում անցկացված գիտական համաժողովում ներկայացրել է  օնկոգինեկոլոգիայի ոլորտի կարևոր ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բժշկը Հնդկաստանի Կոչին քաղաքում անցկացված Համահնդկական օնկոգինեկոլոգների ասոցիացիայի տարեկան գիտական մեծ կոնգրեսի ժամանակ ներկայացրել է օնկոգինեկոլոգիայի ոլորտի կարևոր ձեռքբերումներն ու վիրահատական մոտեցումները:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար գինեկոլոգ, ուռուցքաբան, վիրաբույժ Արտեմ Ստեփանյանն ընդգծեց՝ գիտական մեծ կոնգրեսին մասնակցել է կազմակերպիչների հատուկ հրավերով: Գիտական մեծ կոնգրեսին մասնակցել են 1000-ից ավելի տեղական բժիշկներ, պրոֆեսորներ, ինչպես նաև հրավիրյալ մասնագետներ՝ չորս արտասահմանցի բժիշկներ, երկուսն՝ ԱՄՆ-ից, մեկը՝ Մեծ Բրիտանիայից, և մեկ մասնագետ՝ Հայաստանից:

«Համաժողովին հիմանակնում քննարկվել են կանաց սեռական համակարգի՝ արգանդի, արգանդի վզիկի, ձվարանների քաղցկեղի ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումները, որոնք  լինում են դեղորայքային, ճառագայթային և վիրաբուժական: Ես ներկայացրել եմ վիրաբուժական մեթոդը: 

Համաժողովին կարդացել եմ երեք դասախոսություն՝  մեկը բարդ արմատական վիրահատությունների ժամանակ արյունահոսությունների դեմ պայքարի թեմայով, մյուսը՝ արգանդի վզիկի քաղցկեղի  կրկնության դեպքում շատ բարդ վիրահատությունների ժամանակ մեր կողմից կիրառվող մեթոդների մասին և երրորդը՝ ձվարանի տարածված քաղցկեղի դեպքում որովայնի վերին հարկերի վիրահատությունների  մասին»,- նշեց  Արտեմ Ստեփանյանը: 

Մասնագետը նշեց՝  այս երեք  դասախոսությունները տեղի  բժիշկների կողմից  դրական մեծ արձագանք են ստացել. «Դրա  մասին է խոսում նաև այն, որ մեզ մոտ վերապատրաստում անցնել ցանկացող բժիշկների մեծ հերթ ունենք արդեն: Ըստ տեղի մասնագետների՝ իմ դասախոսությունները մեծ ներդրում են նաև Հնդկաստանի առողջապահական համակարգում տվյալ ուղղության  զարգացման մեջ»:

Մասնագետն ընդգծեց՝ Հայաստանի համար նման այցերը կարևոր են, և այս հրավերը վկայում է, որ Հայաստանում կան հիվանդանոցներ և մասնագետներ, որոնք միջազգային հարթակներում մեծ անուն ունեն և պահանջված են: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում