Իրավունք

Հրապարակվել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակն ապահովող երկրների նոր ցանկ

2 րոպեի ընթերցում

Հրապարակվել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակն ապահովող երկրների նոր ցանկ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հուլիսի 9-ին հրապարակել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակն ապահովող երկրների նոր ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցանկում նոր ընդգրկված երկրներն են Ճապոնիան, Հարավային Կորեան և Սինգապուրը:

Նշվում է, որ ցանկում ընդգրկված երկրներ անձնական տվյալներ փոխանցելիս չի պահանջվում Գործակալության թույլտվությունը: Մինչդեռ այն երկրները, որոնք ցանկում ներառված չեն, համարվում են անձնական տվյալների բավարար պաշտպանության մակարդակ չապահովող պետություններ և Հայաստանից նման երկիր անձնական տվյալներ կարող են փոխանցվել միայն Գործակալության թույլտվությամբ, եթե անձնական տվյալները փոխանցվում են պայմանագրի հիման վրա  և պայմանագրով նախատեսված են անձնական տվյալների պաշտպանության բավարար երաշխիքներ:

Գործակալությունը միաժամանակ տեղեկացնում է, որ նախքան անձնական տվյալների բավարար պաշտպանության մակարդակ չապահովող երկիր անձնական տվյալների փոխանցումը, անձնական տվյալների մշակող հանդիսացող փոխանցողը պարտավոր է գրավոր դիմել Գործակալությանը` թույլտվություն ստանալու հայտով: 

Հայտում պետք է նշված լինի այն երկիրը, որտեղ փոխանցվում են անձնական տվյալները, անձնական տվյալները ստացող սուբյեկտի նկարագրությունը (անվանումը, իրավակազմակերպչական ձևը), անձնական տվյալների նկարագրությունը (պարունակությունը), անձնական տվյալների մշակման, անձնական տվյալները փոխանցելու նպատակը և պայմանագիրը կամ դրա նախագիծը: Գործակալությունը 30 օրվա ընթացքում պարտավոր է թույլատրել կամ մերժել հայտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում