Շողակաթ Վարդանյանի «1489» մի շարք միջազգային մրցանակների արժանացած ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Երևանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 9-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանի դեբյուտային կինոնկարը, որ 2023-ին արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, ներկայացնում է Վարդանյանների ընտանեկան մթնոլորտը, նրանց հույզերը, ապրումները, տառապանքը, սպասումները 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ նրանք կորցնում են կապը ռազմաճակատում գտնվող սիրելի որդու, սիրելի եղբոր՝ 21-ամյա Սողոմոն Վարդանյանի հետ։ 

«Ոսկե ծիրան»-ի ստեղծագործական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝ ի պաշտոնե իրավունք չունի առանձնացնել որևէ ֆիլմ, սակայն, այս տարի, երբ իրեն հարցրել են, թե ինչ ֆիլմ դիտել, Ավետիսյանը միշտ հիշել է «1489»-ի մասին։ «Փառատոնի GAIFF Pro կրթական և արտադրական հարթակում այս կինոնախագիծը մեր մասնագետները լավագույնն էին ճանաչում։ Ֆիլմն Ամստերդամում վավերագրական կինոյի ամենակարևոր փառատոնին արժանացել է գլխավոր մրցանակի, ինչպես նաև FIPRESCI մրցանակի, որը տրվում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից»,-ասաց Ավետիսյանն ու հավելեց՝ հետագայում ֆիլմը բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների է արժանացել։

Ավետիսյանը ֆիլմի կարևոր ցուցադրությունը համարում է պրեմիերան Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում։ «Երբ խոսում ենք մեր ժամանակների մասին, մտածում ենք մեր ժամանակների մասին, ցանկանում ենք տեսնել ֆիլմ, որն ամբողջությամբ փոխանցում է այն, ինչի միջով անցել ենք  և անցնում ենք ոչ միայն մենք։ Շողակաթին գուցե դուր չգա այդ համեմատությունը, բայց փորձեմ ասել, թե ինչ նկատի ունեմ. երբ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային ասում են, որ նրա «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը լավագույն կինոնկարն է Վիետնամի մասին, նա պատասխանում է, որ այն ոչ թե ֆիլմ է Վիետնամի մասին, այլ հենց Վիետնամն է։ Ինձ համար «1489»-ը ոչ միայն ֆիլմ է պատերազմի մասին, այլ հենց պատերազմն է»,-շեշտեց Ավետիսյանն ու հավելեց, որ ունկնդրին սպասվում է ոչ սովորական ֆիլմ ու մեծ փորձառություն։

Շողակաթ Վարդանյանը, որ հուզված էր, շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, որ իր կողքին են։ «Կարծում եմ՝ այս ֆիլմը ոչ միայն հայ, այլև համաշխարհային կինոյի պատմության մեջ կմնա։  Հույս ունեմ, որ ֆիլմը մի քիչ կսփոփի բոլոր այն մարդկանց, որ հարազատներ են կորցրել»,-ասաց Վարդանյանը։

Նա հորդորեց ներկաներին հոտնկայս մեր րոպե լռությամբ հարգել պատերազմում զոհվածների հիշատակը։

«Ֆիլմ, որ նման է  ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»,-այսպես է ֆիլմը բնորոշել IDFA-ի ժյուրին։  

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար

Հունիսի 27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4- 5 աստիճանով, սպասվում են տեղումներ

Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ