Հայաստան

Հանրությանը ներկայացվեց «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը

5 րոպեի ընթերցում

Հանրությանը ներկայացվեց «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծն արդեն պատրաստ է. վերջնական տարբերակը ներկայացվեց  հանրությանը: Քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝  «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը ներկայացրեց  գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը:

 Մանրամասն ներկայացնելով քաղաքի հատակագիծը՝ Քեյլը նշեց, որ այն չի լինելու միայն կրթական միջավայր՝ նախատեսված միայն գիտնականների և  ակադեմիական գործունեություն ծավալող մարդկանց համար, այլ լինելու է  ընդհանուր հասարակության համար. «Այնտեղ լինելու են ոչ միայն կրթական կենտրոններ, այլ նաև ռեստորաններ, առևտրային կենտրոններ և այլ տարաբնույթ վայրեր, որոնք ծառայելու են ընդհանուր հասարակությանը»:

Ըստ նրա՝ նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը, որից հետո  մեկնարկելու է կառուցապատման առաջին փուլը. նախնական գնահատմամբ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թվականին: Ներկայումս ընթանում են նաև «Ակադեմիական քաղաք»-ի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանի և  անհրաժեշտ կոմունալ ենթակառուցվածքների պլանավորման, տրանսպորտային ցանցի նախագծի կազմման աշխատանքները։  

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց՝ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծն արդեն պատրաստ է. գլխավոր հատակագծի տեսլականի վերջնական տարբերակի ներկայացումից հետո կնախանշվեն հաջորդ քայլերը: 

«Որպեսզի այսօր ներկայացվելիք տեսլականը դառնա իրականություն, միանգամից տարբեր ուղղություններով տարաբնույթ աշխատանքներ պետք է իրականացվեն: Դրանց զգալի մասն արդեն պլանավորված է և նախապատրաստական փուլում է»,- նշեց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը շեշտեց՝ գլխավոր հատակագծի վերջնական տարբերակն ունենալուց հետո պլանավորվում են հանրային մասնակցության բաց քննարկումներ:

«Ուսումնական տարվա սկսվելուն պես նախատեսում ենք գլխավոր հատակագիծն առանձին ներկայացնել նաև բուհերում՝ դասախոսական և ուսանողական կազմերի հետ մանրամասն քննարկելով ծրագիրը: Պլանավորում ենք հնարավորինս լայնամասշտաբ հանրային քննարկումներ, որովհետև այս ծրագիրը հանրությունը վերափոխող ծրագիր է: Եթե խոսում ենք նման նշանակության ծրագրի մասին, ապա առաջնայինը հանրային մասնակցությունն է: Հույս ունեմ, որ ակադեմիական, գիտական շրջանակները կլինեն մեր կողքին, որովհետև մենք այդ աշխատանքը միասին անելու կարիք ունենք»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ «Ակադեմիական քաղաք»-ի ընտրված տարածքին՝ նշելով, որ այն  սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։  Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ ոչ պետական կամ միջազգային բուհ:

Ըստ նրա՝ «Ակադեմիական քաղաք»-ում  առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից  չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ: 

Հիշեցնենք, որ 2024թ. տարեսկզբին՝ հունվարի 30-ին, բուհական և գիտական համայնքներին է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը, իսկ ապրիլի 12-ին ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է գլխավոր հատակագծի հայեցակարգը: Հանդիպումների ընթացքում ոլորտի պատասխանատուների և շահառուների հնչեցրած առաջարկություններն ու դիտողությունները ևս հաշվի են առնվել հատակագծի վերջնական տարբերակի մշակման գործում, որը կներկայացվի բուհական և գիտական հանրությանը հուլիսի 9-ին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում