ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ARARAT լեգենդար կոնյակը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և հայկական գորգը մեկ տեղում. փառատոնն այս տարի կառանձնանա և մասնակիցներին ու հյուրերին կներկայացնի նոր մոտեցում: «Ոսկե ծիրան»-ի բացման արարողության ավանդական կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական կարմիր գորգի հավաքածուն՝ ձևավորելով նոր մշակույթ, տեղական և միջազգային կինոփառատոնային դաշտում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ոսկե ծիրան» փառատոնի և ARARAT-ի 20-ամյա համագործակցությունը մեկնարկեց ARARAT թանգարանում բացված հատուկ ցուցադրությամբ: «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, գալիք «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգի յուրօրինակ նախաբանն է։
Երևանում հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կարմիր գորգի արարողությունը կվերափոխվի և կներկայացվի նորովի: Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ հետայսու փառատոնի արարողակարգային հայեցակարգի այս կարևոր դետալը կկրի լրացուցիչ իմաստավորում։
«Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի համար AHA collective-ը թողարկել է ժամանակակից՝ «կարմիր գորգի» հավաքածու արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին։ Կին գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստված 7 եզակի կարպետները, որոնք կազմում են Նայիրի Խաչատուրեանի կողմից՝ համադրված «Տեղորոշում» («Point of Reference») կարմիր գորգի հավաքածուն, հուլիսի 7-ին կազդարարեն և կձևավորեն տեղական և միջազգային կինոփառատոնային դաշտում նոր մշակույթ։
Փառատոնի այս շրջադարձային փոփոխությանն ընդառաջ, ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և AHA Collective-ի հետ համատեղ հանրությանը ներկայացրեց Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների իր թողարկած առաջին ժամանակակից գորգերի` «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուի ցուցադրությունը, որը արվեստագետի կողմից ստեղծված դիզայնի հիման վրա 2023 թվականին գործել են Սյունիքի Վերիշեն գյուղում կին գորգագործները։
«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը, որը համադրել է Նայիրի Խաչատուրեանը, պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են արվեստագետի ընտանիքի ծննդավայրի` Հին Խնձորեսկի ժայռափոր միջավայրում։
Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանի խոսքով՝ ժամանակակից մշակութային աշխարհը որոշակի իմաստով մարդկանց ուշադրության և տպավորությունների համար թեժ պայքար է։ Գաղտնիք չէ, ցանկացած կինոփառատոն վաղուց արդեն դադարել է լինել միայն ու միայն արժանի կինոյի ստուգատես։
«Տասնամյակների ընթացքում փառատոնները պարուրվեցին սիմվոլիզմով, որը և հաճախ հյուսում էր այս կամ այն փառատոնի պատմությունը։ Հիշենք Կաննի փառատոնի երկարամյա նախագահ լեգենդար Ժիլ Ժակոբին, ով տարիներ շարունակ Կաննի կինոփառատոնի բացման ժամանակ մեկնում էր իր ձեռքն աստիճաններով բարձրացող դերասաններին՝ խորհրդանշորեն բերելով իրենց փառատոնի օլիմպոս։ Կարծում եմ, կարմիր գորգը, որպես փառատոնի սիմվոլներից մեկը և՛ հանգուցային է, և՛ ուշագրավ։ Վերափոխել փառատոնի այս դրվագը թերևս որքան համարձակ է, նույնքան էլ իմաստալից։ Այս գաղափարը նաև գեղեցիկ հանգավորվում է «Ոսկե ծիրան» փառատոնի 20-ամյա գործընկեր ARARAT-ի հետ, քանի որ թե՛ կոնյակագործության, թե՛ գորգագործության հիմքում ընկած է վարպետությունը։ Վարպետի ստեղծագործական աշխատանքն է, որ պսակում է բնության առատաձեռնությունն ու դարերի ավանդույթները և հրավիրում մշակույթը բացահայտելու ճամփորդության»,- նշեց Զարուհի Սարիբեկյանը։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը ընդգծեց՝ ավանդույթը կոտրելը, իհարկե, դժվար որոշում է, այն էլ այնպիսին, որն ունի ավելի հին պատմություն, քան աշխարհի բոլոր կինոփառատոնները, սակայն հզոր ավանդույթին հրաժեշտ տալուց էլ ավելի մեծ ուժ է տալիս նոր ավանդույթի ստեղծումը:
Ցուցադրության համադրող, արվեստաբան, ԱՀԱ կոլեկտիվի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը նշեց՝ կարևոր է, որ թե՛ արհեստը, թե՛ խորհրդանիշները անընդհատ ընդլայնվեն և արտացոլեն արդի իրողությունները։
«Այսպիսով` հասարակության մեջ կձևավորվեն նոր մշակութային խոսույթներ և անցյալի ու ներկայի միջև ավելի խորը կապ և փոխըմբռնում։ Քանդելով ու վերաիմաստավորելով կինոփառատոնի կարմիր գորգի դասական խորհրդանիշը՝ «Տեղորոշում» հավաքածուն ժամանակակից՝ կարմիր գորգի նոր ծիսակարգ է առաջարկում` առաջին պլան բերելով արդի խնդիրների մասին արծարծումս ու երկխոսությունը, ինչպես և փառատոնում մատուցվող բազմազան ֆիլմերում»,- ասաց նա:
Արվեստագետ Դավիթ Քոչունցը ոգևորությամբ նշեց, որ ուրախ է այս հետաքրքիր փոփոխության մի մասնիկը դառնալու համար, և արել է ամեն ինչ հայկական գորգարվեստի միջոցով կարևոր ասելիքը փառատոնի հյուրերի միջոցով աշխարհին հասցնելու համար:
«Կինոն ինձ համար շատ կարևոր է։ Կապը կինոյի հետ ինձ հարստացրել է որպես արվեստագետ, դա ինձ համար հիմք է, որից ես հաճախ օգտվում եմ։ «Ոսկե ծիրան»-ը ամենամեծ փառատոնն է Հայաստանում, որի ժամանակ գորգով անցնում են տարբեր մարդիկ, տարբեր հյուրեր, իսկ գորգը լավագույն մեդիաներից է ներգործություն ունենալու համար և մտքեր ու ձևեր կազմաքանդելու, որից ես երբեք չեմ հրաժարվում ստեղծագործելիս»,- ընդգծեց արվեստագետը։
Ցուցադրության մուտքն ազատ է, այն կգործի մինչև օգոստոսի 1-ը։