Հայաստան

Հայաստանի նկարիչների միության հարկի տակ կբացվի «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի նկարիչների միության հարկի տակ կբացվի «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը, որում ընդգրկված բացառիկ արխիվային լուսանկարները հնարավորություն են տալիս վերադառնալ անցյալ, հաղորդակցվել ականավոր քաղաքական գործիչների, արվեստագետների հետ, վերհիշել Հայաստանում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, կներկայացվի հանրության լայն շրջանակի:

Ցուցադրությունը, որը նախորդ տարի բաց էր ընդամենը մեկ օր՝ նշանավորելու գործակալության հիմնադրման 105 ամյակը, հունիսի 27-ին համալրված լուսանկարներով կբացվի Երևանի սրտում՝ Հայաստանի նկարիչների միությունում: Այն կգործի մեկ շաբաթ՝ մինչև հուլիսի 4-ը:

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանի խոսքով՝ այս լուսանկարները ժամանակի մեջ ճամփորդելու յուրօրինակ հնարավորություն են: Դրանք «Արմենպրես»-ի լուսանկարիչների օբյեկտիվների ֆիքսած կադրերով յուրաքանչյուրիս դարձնում են պատմական իրադարձությունների ականատեսը:

««Դարի վավերագրություն» ցուցահանդեսը անցյալի տարեգրման և սերունդներին փոխանցման գործակալության հանձնառության վկայությունն է: Մենք սիրով հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, արվեստի նվիրյալներին, պատմաբաններին և լայն հանրությանը՝ միանալ մեզ. ցուցահանդեսը խոստանում է դրական էներգիա, մտածելու ու քննարկելու հարուստ նյութ ու լուսավոր փորձառություն տալ ակնդիրներին»,-նշում է Նազարյանը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շատ է կարևորում գործակալության գործունեությունը, կատարած աշխատանքը:

«Այս լուսանկարներն արտացոլում են մեր երկրում կատարվող կարևորագույն իրադարձությունները թե՛ խորհրդային շրջանում, թե՛ անկախությունից հետո, ուստի մեծ ուրախությամբ ենք ցուցադրությունը հյուրընկալում միությունում: Ընդգրկուն ցուցադրություն է սպասվում»,-հավաստիացնում է Սուրեն Սաֆարյանը:

«Արմենպրես»-ը, որի պատմությունը սկսվում է 1918 թվականից, Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունն է։ Oրական հրապարակվում է մոտ 200 հայերեն լուր՝ թարգմանվելով ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն, իսպաներեն, վրացերեն, պարսկերեն և չինարեն: Գործակալությունն ունի Հայաստանի ամենահին ու ամենամեծ ֆոտոարխիվը, որում ներառված է շուրջ 1 մլն լուսանկար։ Դրանցից շատերը բացառիկ են և ունեն մեծ կարևորություն պատմության վավերագրման տեսանկյունից։ «Արմենպրես»-ը վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է նաև տեսանյութերի արտադրմամբ ու պոդքաստային ծառայությունների մատուցմամբ։ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա, Աֆրիկայից մինչև Ասիա. «Արմենպրես»-ը վերջին տարիներին համագործակցության պայմանագրեր է կնքել ավելի քան 30 լրատվական գործակալության հետ։ Միջազգային սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս օտարերկրյա գործընկերների հետ իրականացնել համատեղ միջոցառումներ ու նախագծեր, փորձի փոխանակում և լրագրողների վերապատրաստումներ։ Այս համագործակցությունները հնարավորություն են տալիս լավագույնս ներկայացնել Հայաստանն ու երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում