Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Դատական դեպարտամենտը։
«Վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ:
Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։
Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։
Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում՝ մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- նշված է Դատական դեպարտամենտի հաղորդագրության մեջ։