Ռուսաստան

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել զինյալների հարձակումների զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել զինյալների հարձակումների զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել Մախաչկալայում և Դերբենտում զինյալների հարձակումների ավելի քան 15 զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հաղորդել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի վարչակազմը։

«Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում հայտարարված են սգո օրեր: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է Սերգեյ Մելիքովը», - հաղորդագրությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։ 

Սգո օրերին ամբողջ հանրապետությունում կխոնարհվեն պետական ​​դրոշները։ Տարածաշրջանում գտնվող մշակութային հաստատությունները և հեռուստառադիոընկերությունները կչեղարկեն բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։

«Դաղստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ զոհվածների և տուժածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար», - նշել են իշխանությունները:

Հունիսի 23-ի երեկոյան ՌԴ սուբյեկտ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման մասին։ Հարձակումների հետևանքով զոհվել է 15 իրավապահ և մի քանի խաղաղ բնակիչ, վիրավորվել է 16 մարդ։ Այս քաղաքներում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում