Ռուսաստան

Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 15-ը

2 րոպեի ընթերցում

Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 15-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դաղստանի երկու քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունների ժամանակ զոհվել է 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը։

«Այսօրվա ահաբեկչության զոհ են դարձել ավելի քան 15 ոստիկան», - ասել է Մելիքովն իր Telegram ալիքում՝ հունիսի 23-ին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած հարձակումներից հետո։

Նա հավելել է, որ ևս մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել։

Հունիսի 23-ի երեկոյան ՌԴ սուբյեկտ Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման մասին։

Ավելի վաղ հանրապետությունում հայտնել էին 10 զոհի մասին, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ էին, 8-ը՝ իրավապահներ։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է Դաղստանում հինգ զինյալի ոչնչացման մասին։ Չեզոքացված երեք զինյալները հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավարի որդիներն ու եղբոր որդին են։ Պաշտոնյան բերման է ենթարկվել։

Դաղստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Մախաչկալայի հիվանդանոց է տեղափոխվել 16 մարդ՝ 13 վիրավոր ոստիկան և 3 քաղաքացիական անձ։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեկչություն» հոդվածով։

Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, երկու քաղաքներում էլ մարտերը շարունակվել են մինչև ուշ երեկո։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում