Բանակ

Հայ խաղաղապահները մշտապես բարձր են գնահատվում գործընկեր երկրների կողմից

5 րոպեի ընթերցում

Հայ խաղաղապահները մշտապես բարձր են գնահատվում գործընկեր երկրների կողմից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո ներկայում կարևոր առաքելություն է իրականացնում Կոսովոյում և Լիբանանում։ Հայկական ստորաբաժանումները հիմնականում իրականացնում են զինվորական օբյեկտների պահպանություն և պաշտպանություն։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանը։  

«Մեր բրիգադն ուսուցանվում է երկու ծրագրով։ Առաջինը զինված ուժերում առկա և հաստատված մարտական պատրաստության ծրագիրն է, որով ուղղորդվում են ամբողջ զինված ուժերը։ Իսկ երկրորդը խաղաղապահությանն առնչվող ծրագիրն է, որն առանձնահատուկ է և նախատեսված է մեր բրիգադի համար։ Մեզ մոտ պարապմունքներն իրականացվում են այն թեմաներով, որոնցով խաղաղապահներն առաջնորդվում են իրենց առաքելությունների ժամանակ։ Մասնավորապես, իրականացվում է բազայի պահպանություն, որոնողական աշխատանքներ, ամբոխի կառավարում, հսկիչ-անցագրային կետի տեղադրում, վտանգավոր իրերի հայտնաբերում և ոչնչացում, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերում»,- մանրամասնեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը։ 

Գնդապետը հավելեց, որ խաղաղապահների ծրագրով, ԶՈՒ կանոնակարգով և առօրյա կարգացուցակով նախատեսված են նաև տեսական պարապմունքներ՝ լսարանային ու գործնական, որոնք անցկացվում են համապատասխան ուսումնական կետերում։ 

«Մեր բրիգադը մեծ համալրում է ստանում կառավարության կողմից ընդունված նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների միջոցով։ Խաղաղապահ լինելն առհասարակ կարևոր է ոչ միայն մասնագիտական առաքելություն իրականացնելու, այլև համարժեք կրթություն ստանալու առումով։ Ունենք անգլերեն լեզվի կենտրոն, որտեղ անձնակազմը սովորում է օտար լեզու, ինչը շատ կարևոր հանգամանք է խաղաղապահ լինելու համար։ Մեր բրիգադը համալրված է բացառապես պայմանագրային զինծառայողներով։ Գրավչությունը պայմանավորված է նաև այլ երկրներում ծառայություն անցակցնելու հանգամանքով։ Ովքեր ընտրում են մեր բրիգադը, սկզբում անցնում են եռամսյա պատրաստություն, այնուհետև ատեստավորում, ինչից հետո համալրում են մեր ստորաբաժանումների շարքերը»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Գնդապետ Լևոնյանը ուրախությամբ ընդգծեց նաև կանանց շրջանում զինվորական ծառայության նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը և հավելեց, որ նրանց ներկայությունը ոչ միայն գեղեցիկ տեսք է տալիս ստորաբաժանումներին, այլև տղաների մոտ մեծացնում է զսպվածության ու պատասխանատվության զգացումը։ Նրա տեղեկացմամբ՝ կանայք բրիգադում զբաղեցնում են տարբեր պաշտոններ ու հաստիքներ։ Կան նաև սպա կին ծառայողներ։  

8D1A8090.JPG

«Հայ խաղաղապահները մշտապես բարձր են գնահատվում գործընկեր երկրների կողմից։ Յուրաքանչյուր հերթափոխից հետո, որն այժմ իրականացվում է Կոսովոյում և Լիբանանում, մենք ստանում ենք պարգևներ, պատվոգրեր, մեդալներ, շնորհակալագրեր, օտարերկրյա զորախմբերի հրամանատարների կողմից զինվորական նվերներ, ինչը լավագույնս վկայում է մեր զինծառայողների պատրաստվածության բարձր աստիճանի մասին։ Դեռ չի եղել որևէ երկիր, որ հայ խաղաղապահներին չտա բարձր գնահատական։ Դա այնքանով է կարևոր, որ արտասահմանում հայ խաղաղապահները ներկայացնում են մեր պետական դրոշն ու խաղաղապահների թևանշանը՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»,- ասաց գնդապետը։ 

Խոսելով միջազգային համագործակցության մասին՝ հայ խաղաղապահների բրիգադի հրամանատարն առանձնացրեց ամերիկյան կողմի հետ նախորդ տարվա ընթացքում իրականացված համատեղ զորավարժությունները, որոնք կրում էին «Արծիվ գործընկեր» անվանումը։ 

ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի բրիգադը կազմավորվել է 2001 թվականին՝ պաշտպանության նախարարի հրամանով։ Ի սկզբանե կոչվում էր խաղաղապահ ուժերի գումարտակ, որը ներկայացրել է Հայաստանը ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին։ Հայ խաղաղապահները մասնավորապես առաքելություն են իրականացրել Իրաքում, Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում։ 

Հայ խաղաղապահների առաքելությունն ընդլայնելու նպատակով 2007 թվականի հոկտեմբերի 1-ից պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվել է խաղաղապահ ուժերի բրիգադը։ 

2010 թվականի մայիսի 29-ին խաղաղապահ ուժերի բրիգադն արժանացել է մարտական դրոշի։ 

Մանվել Մարգարյան 

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում