Տնտեսություն

PROFAL-ը վերսկսել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությունը

4 րոպեի ընթերցում

PROFAL-ը վերսկսել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունը վերսկսել է մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությունը՝ հատուկ բազմաբնակարանային և հասարակական շինությունների համար։ Ընկերությունը ձեռք է բերել նորագույն սարքավորումներ արտադրության ընդլայնման նպատակով։

Մետաղապլաստե դռների և պատուհանների հումքը ներմուծվում է Եվրոպայից․ պատուհանների պրոֆիլները բելգիական ապրանքանիշի են, բռնակները՝ գերմանական, աքսեսուարները ևս եվրոպական բրենդներ են ներկայացնում։ PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը նշել է, որ առաջիկայում ունեն խոշոր նախագծեր, որտեղ կօգտագործվեն մետաղապլաստե պրոֆիլներ։

«Այս պահին ունենք 18 շենքի պայմանագիր, որոնցում կտեղադրվեն PROFAL-ի մետաղապլաստե պատուհանները։ Մեր ինժեներներն աշխատել են, որպեսզի շուկայի ապրանքային այս սեգմենտում ևս բարձրակարգ արտադրանք առաջարկենք։ Դրանք արդյունավետ լուծում են բազմաբնակարան շենքերի, առևտրային ու արդյունաբերական շինությունների համար»,-ասել է Էդգար Ավետիսյանը։

PROFAL ընկերության մետաղապլաստե պրոֆիլների առաջին խմբաքանակը կուղղվի ML Mining խոշոր հանքարդյունաբերական, շինարարական և կառուցապատող ընկերության «Նոր Երևան» թաղամասի մասնաշենքերի ապակեպատմանը։ Չորս մասնաշենքերից բաղկացած թաղամասը գտնվում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում։ 

«Կարևորվելով «Նոր Երևան» բնակելի համալիրում ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման խոշոր քաղաքաշինական ծրագիրը՝ ML Mining-ը համալիրի պատուհանների արտադրությունն ու տեղադրումը պատվիրակել է ոլորտի առաջատար PROFAL ընկերությանը»,-նշել է ML Mining ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը։

Սա ML Mining ընկերության հետ PROFAL-ի երկարաժամկետ համագործակցության մի մասն է։ Երկու ընկերությունները համագործակցության մեկնարկը տվել են «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերով, որոնք բազմաբնակարան պրեմիում դասի համալիրներ են։ PROFAL-ն այդ համալիրներում  իրականացնում է ալյումինե կոնստրուկցիաների պատրաստումն ու տեղադրումը, շենքերի ապակե երեսպատումը։

Ալյումինե դռների և պառուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը, երկու տասնամյակից ավելի գործունեություն ծավալելով հայկական շուկայում, իրականացրել է ավելի քան 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով ավելի քան 10․000 տեղական և միջազգային գործընկերների հետ: Ընկերության արտադրանքն արտահանվում է ավելի քան յոթ երկրի շուկա՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան և այլն։ 

Ընկերությունը հանդես է գալիս շարունակական ընդլայնման նախաձեռնություններով, որոնք ուղղված են ընկերության արտադրողականության ու հզորությունների ավելացմանը: PROFAL-ի աշխատակիցների թիվը շուրջ 500 է, որը տարեկան աճ է գրանցում։ Որպես հանքարդյունաբերության, կառուցապատման և շինարարության ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություն՝ ML Mining-ը շարունակում է տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման և հզոր հայրենիք կերտելու իր առաքելությունը։ 2024 թվականին ML Mining ընկերության կառուցապատման ծրագրերի ընդհանուր մակերեսը գերազանցել է 2 մլն քմ-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում