«Օլիմպիականները. Փարիզ-2024». Շատ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ մոտենում ՕԽ-ին. Վարազդատ Լալայան
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականը գրեթե ձևավորված է և նախապատրաստական վերջին փուլն է անցնում Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ:
«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի առաջին հերոսը ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն է:
-Վարազդատ, սկսելով ամենասկզբից, ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:
-Ես միշտ բռնցքամարտ եմ շատ սիրելև մինչև 8 տարեկանը բռնցքամարտով զբաղվելու ցանկություն եմ ունեցել։ Մի օր իմացա, որ դասընկերս գնում է ծանրամարտի և որոշեցի նրա հետ գնալ մարզադահլիճ: Առաջին անգամ դահլիճ գնացի հորեղբորս հետ: Ու հետաքրքիրն այն էր, որ այդ դահլիճում մարզիչը հորեղբորս դասընկերն էր, և հենց այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Եթե անկեղծ՝ հենց սկզբից էլ շատ եմ սիրել ծանրամարտը, այս մարզաձևի երկրպագու եմ, մեծ երկրպագու: Բայց երբեք իմ մրցելույթները չեմ նայում, նույնիսկ ընկերներիս մոտեցումները չեմ նայում:
-Ի՞նչն է, որ Ձեզ «գերել է» մարզաձևում:
-Կարծում եմ` այն դժվարությունը, տանջանքը, որի միջով անցնում ենք:Այլ մարզաձևով չեմ զբաղվել և այն մտքին եմ, որ այլ մարզաձևով չէի էլ կարողանա զբաղվել: Ծանրամարտն ինձ ամենահոգեհարազատ մարզաձևն է: «Ծանրությունն» ինձ առավելագույնս մոտ է: Սիրով եմ անում այս ամենը:
- Կա՞ մարզաձևում մեկն, ով օրինակ է եղել Ձեզ համար:
-Եթե անկեղծ՝ կուռքեր չունեմ և չեմ էլ ունեցել: Բոլոր լեգենդար մարզիկներին շատ սիրում ու հարգում եմ: Սակայն անհատապես ոչ մեկին չեմ երկրպագում:
-Մինչ մեծ նվաճումներին հասնելը, եղե՞լ է արդյոք մի մրցաշարը, որն ըստ Ձեզ բեկումնային է եղել, որից հետո վերջնականապես հասկացել եք, որ մարզաձևը «ձերն» է:
-Այո, երիտասարդների աշխարհի առաջնությունն էր, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Թեպետ, մինչ այդ էլ շատ լուրջ էի մոտենում մարզաձևին, բայց այդ հաղթանակից հետո էր, որառավել մեծ ոգևորվածությամբ եմ սկսել մարզվել, որպեսզի եղածով չբավարարվեմ:
-Վարազդատ, ի՞նչ եք տեսնում ու լսում՝ մրցահարթակ դուրս գալիս ու ծանրաձողին մոտենալիս:
-Գիտեք, նայած երբ: Հիմնականում ավելի շատ կենտրոնանում եմ ծանրաձողի վրա: Բայց ես առավել հանգիստ եմ հարթակի վրա: Ամեն ինչ տեսնում եմ, բայց ուղեղս, միտքս վարժության կատարման վրա է:
-Գերծանր քաշային կարգի պայքարը բոլորի համար առանձնահատուկ է: Ինչպիսի՞ մրցակցություն կա և արդյոք մրցակցությունից զատ, նաև ընկերություն կա:
-Մեզ մոտ մրցակցությունը միայն ծանրաձողի հետ է, և սա ասում եմ նաև իմ ընկերների անունից: Իրար մեջ չէ, որ մրցում ենք, մրցում ենք ինքներս մեզ հետ:Յուրաքանչյուրիս առաջ խնդիր է դրված, մենք մոտենում են այդ խնդրին, այլ ոչ թե մեկս մյուսինհաղթելու: Մրցումների ընթացքումմրցակցության մասին բնավ չես էլ մտածում: Միտքդ միայն քո խնդրի վրա է: Դու ես ու ծանրաձողը: Մեր մարզաձևում դու մրցում ես ոչ թե մեկ այլ մարդու, այլ անշունչ երկաթիհետ, ինչնավելի դժվար է: Մարդը կարող է սխալվել, երկաթը`երբեք:
-Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը Ձեր առաջին Խաղերն են: Ինչպիսի՞ խորհուրդ ունեն այս Խաղերը ձեզ համար և ի՞նչ խնդրով եք մոտենում քառամյակի ամենակարևոր իրադարձությանը:
-Ես բացառություն չեմ, ինձ համար էլ Փարիզի Օլիմպիական խաղերը երազանք են եղել: Շատ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ մոտենում Օլիմպիական խաղերին: Անելու եմ իմ ուժերի առավելագույնը, իմ ուժերից վեր ամեն բան, որ մեր երկրին` Հայաստանին, գոնե մեկուրախության պահ նվիրեմ, ու իմ ժողովուրդը մի պահ ժպտա:
-Եվրոպայի 2024 թվականի առաջնությանըչանդրադառնալ չեմ կարող: Բոլորս էլ գիտենք, ով է Լաշա Տալախաձեն: Ի՞նչ է փոխվել Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո:
-Եվրոպայի այս առաջնությունում նվաճեցի իմ առաջին ոսկե մեդալը մեծահասակների պայքարում: Անկեղծ՝ չեմ կարող ասել, թե ինչն է փոխվել: Որովհետև իմ մոտիվացիան այլ կերպ եմ ստանում, ուրիշ նպատակներ ունեմ, ավելի բարձր նպատակներ: Փոխվել է ինչ-որ բան, բայց թե հստակ ինչն է փոխվել, հիմա կդժվարանամ ասել: Շարունակում եմ մարզվել նույնությամբ, նույնիսկ չեմ էլ հանգստացել այդ առաջնությունից հետո:
-Եվ վերջում. Խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…