Քաղաքականություն

Ցուցարարները կշարունակեն փակ պահել Բաղրամյան պողոտան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը ներկայացրեց անելիքները

4 րոպեի ընթերցում

Ցուցարարները կշարունակեն փակ պահել Բաղրամյան պողոտան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը ներկայացրեց անելիքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Բաղրամյան պողոտան փակ պահող ցուցարարներին հունիսի 10-ին ներկայացրեց առաջիկա անելիքները՝ հայտարարելով, որ այսօր կգիշերի ակցիայի վայրում, իսկ հունիսի 11-ին ոչ կենտրոնացված ձևով ակցիաներ կիրականացվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքվածներին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 12 ներկայացուցիչները դեմ են քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի մասին ուղերձով Սահմանադրական դատարանին դիմելու վերաբերյալ արտահերթ նիստ գումարելու երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությանը։

«2 դեմ և երկու կողմ ընդամենը քվեարկություն եղավ, ինչը նշանակում է, որ մեր պահանջը, մեր միջնորդությունը, որ վաղը, մյուս օրը կամ մինչև ամսի 17-ը ցանկացած օր ժամը 18։30-ին գումարվի արտահերթ նիստ այս օրակարգով , ՔՊ-ն մերժեց։ Բայց օրենքի ուժով ամսի 17-ին ժամը 18։30-ին պետք է գումարվի»,-մանրամասնեց նա:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր խոսքում կանխատեսելի համարեց վարչապետին ու կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու պահանջի մերժումը ԱԺ խորհրդի մեծամասնության կողմից։

Նա հայտնեց, որ գիշերը կմնան Բաղրամյան պողոտայում, իսկ վաղն առավոտյան կազմակերպիչները ակցիաներ կիրականացնեն տարբեր վայրերում։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ավելի վաղ հայտարարված 96- ժամյա գործողությունների համատեքստում չափազանց կարևորեց հունիսի 12-ը, երբ կրկին հանրահավաք կհրավիրվի։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մերժել է արտահերթ նիստը հնարավորինս շուտ անցկացնելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը:

Խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասնել է, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ խորհրդի իր կազմով դեմ է քվեարկել այս նախագծին։

Խմբակցության ղեկավարն ընդգծել է՝ ընդդիմության առաջարկած արտահերթ նիստի օրակարգի ուղերձի տեքստի մեջ 2 հատված կա: Կան քաղաքական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին, սահմանազատմանը, սահմանագծմանը:

«Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան և վաղը մեկնարկող նիստերի ընթացքում քննարկենք իրենց ունեցած բոլոր հարցերը, իրենց բոլոր մտահոգությունները կառավարության հետ հարցուպատասխանին ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին և կառավարությանը: Իսկ ուղերձում տեղ գտած մյուս հարցի մասով, ինչպես հայտնել ենք մինչև այս պահը, նման օրակարգ չունենք, հետևաբար չենք պատրաստվում քննարկել»,–ասել է նա:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ դիմում են արտահերթ նիստի համար, 5 աշխատանքային օրվան հաջորդող օրը իրավունքի ուժով գումարվում է արտահերթ նիստը:

«Այդ արտահերթ նիստը կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ: Մենք նման օրակարգ չունենք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,-հավելել է Կոնջորյանը՝ նշելով, որ այդ օրակարգն իրենց համար քննարկելի չէ:

Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11-17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով: Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում