Քաղաքականություն

ԱԺ խորհուրդը մերժել է ավելի շուտ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության միջնորդությունը

3 րոպեի ընթերցում

ԱԺ խորհուրդը մերժել է ավելի շուտ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի խորհուրդը մերժել է արտահերթ նիստը հնարավորինս շուտ անցկացնելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Խորհուրդը չընդունեց այդ առաջարկը: Եվ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ խորհրդի իր կազմով դեմ քվեարկեց այս նախագծին»,–ասաց Կոնջորյանը:

Խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ ընդդիմության առաջարկած արտահերթ նիստի օրակարգի ուղերձի տեքստի մեջ 2 հատված կա: Կան քաղաքական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին, սահմանազատմանը, սահմանագծմանը:

«Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան և վաղը մեկնարկող նիստերի ընթացքում քննարկենք իրենց ունեցած բոլոր հարցերը, իրենց բոլոր մտահոգությունները կառավարության հետ հարցուպատասխանին ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին և կառավարությանը: Իսկ ուղերձում տեղ գտած մյուս հարցի մասով, ինչպես հայտնել ենք մինչև այս պահը, նման օրակարգ չունենք, հետևաբար չենք պատրաստվում քննարկել»,–ասաց նա:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ դիմում են արտահերթ նիստի համար, 5 աշխատանքային օրվան հաջորդող օրը իրավունքի ուժով գումարվում է արտահերթ նիստը:

«Այդ արտահերթ նիստը կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ: Մենք նման օրակարգ չունենք ՝դրանից բխող բոլոր հետևանքներով»,–հավելեց Կոնջորյանը՝ հավելելով, որ այդ օրակարգն իրենց համար քննարկելի չէ:

Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11–ից հունիսի 17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով: Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում