Նարեկ Մկրտչյանն ու Կիշան Դան Դեվալն անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման հետ կապված

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, կարևորելով երկու բարեկամ երկրների արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ աշխատանքի իրավունքի իրազեկման, զբաղվածության և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում։

Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման հետ կապված մեխանիզմներին ու գործիքակազմին, փորձնական մոդելների մշակմանը, ինչպես նաև միջին հմտություններ ունեցող աշխատողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աշխատանքներին։

Քննարկվել է նաև փորձի փոխանակման, աշխատանքային և փորձագիտական խմբերի ներգրավման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների կազմակերպման կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի աշխատուժի մրցունակությունն ու արտադրողականությունը։

Հայերեն