Մշակույթ

Եվրոպական Միության ստեղծման հետաքրքիր պատմությունը բեմադրությամբ ներկայացվեց Երևանի հանդիսատեսին

4 րոպեի ընթերցում

Եվրոպական Միության ստեղծման հետաքրքիր պատմությունը բեմադրությամբ ներկայացվեց Երևանի հանդիսատեսին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացմամբ Գենտի համալսարանի պրոֆեսոր Հենդրիկ Վոսը և թավջութակահար Ֆրանս Գրափերհաուսը երաժշտության, հումորի միջոցով, կարևոր պատմական իրադարձությունների նկարագրությամբ պատմում են Եվրոպայի ստեղծման պատմությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը շրջել է Եվրոպայի խոշորագույն քաղաքներում՝ Ռիգա, Վիեննա, Սարաևո, Լյուբլյանա, Ամստերդամ, Աթենք, Նիկոսիա, Քիշնև, Պրիշտինա: Վերջին կանգառը Երևանն է: Թատերասերներն այն դիտելու հնարավորություն ունեցան հունիսի 5-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

GEV_2258.JPG (323 KB)

Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մյունկի խոսքով՝ հնարավոր է՝ Եվրոպայի ստեղծման պատմությունն առաջին հայացքից ձանձրալի թեմա թվա, սակայն այն ներկայացվում է անեկդոտների միջոցով, ինչը հրաշալի ձև է լայն մասսաների ուշադրությունը գրավելու համար, այդ թվում՝ երիտասարդ հայերի:

«Եվրոպական Միության համար այժմ բավականին դժվար շրջան է, իսկ այս ներկայացումը լավ առիթ է վերադառնալու մեր արմատներին, մեր նախահայրերին, որոնք կանգնած են այս խաղաղ նախագծի ակունքներում»,-շեշտեց դեսպանը:

Պրոֆեսոր Հենդրիկ Վոսը հիշեցրեց, որ անգամ Ֆրանսիան և Գերմանիան , որ երկար տարիներ հակամարտող կողմեր են եղել, կարողացել են համագործակցել: «Թվում է՝ այդպես էլ պետք է լիներ, բայց, երբ ուսումնասիրում ենք պատմությունը, հասկանում ենք, որ Եվրոպական Միությունը լուրջ մարդիկ են ստեղծել: Եվրոպական Միությունը ստեղծել են փողկապներով դիվանագետները, բայց մենք նրանց կարող ենք ընկալել որպես բանվորների, որ կառուցում էին, արարում, ուստի բանվորի հագուստ ենք կրելու»,-նշեց պրոֆեսորը:

GEV_2397.JPG (263 KB)

Նա երկար ժամանակ Եվրոպայի պատմություն է դասավանդել, իսկ համավարակի ընթացքում որոշել է այդ մասին գիրք գրել: Սկսել է ականավոր մարդկանց հուշերը կարդալ, կենսագրություններ, ֆիլմեր դիտել: «Գիտակցեցի, թե որքան շատ բան է արվել հենց այդ պահին հանպատրաստից: Դա նշանակում է, որ կարող ենք շարունակել կառուցել»,-նշեց պրոֆեսորը:

Վոսը տեսնում է Հայաստանի կառավարության համակրանքը Եվրոպական Միության նկատմամբ, ուստի ներկայացումը Հայաստանում ցուցադրելը տեղին և ժամանակին է համարում:

«Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը ոչ միայն անդրադառնում է իրադարձություններին, այլև ԵՄ-ի կայացման գործում մեծ դերակատարում ունեցած անհատներին, նրանց փոխհարաբերություններին:

GEV_2378.JPG (344 KB)

Դեսպանն ասաց՝ հանդիսատեսը ծանոթանալու է Ադենաուերի, գեներալ Շառլ դը Գոլի և այլ մեծերի մասին պատմությունների, բացահայտելու է անհայտ դիվանագետների Բելգիայից, Լյուքսեմբուրգից, Նիդերլանդներից, որոնք մեծ դեր են խաղացել Միության կայացման գործում:

Դեսպանն ու պրոֆեսորը կարծում են, որ ներկայացումը ճանաչողական հրաշալի նյութ է և կարող է դուր գալ նաև դպրոցականներին: Չեն բացառում, որ հետագայում ցուցադրվի ուսումնական հաստատություններում:

«Բոլորս կարող ենք ինչ-որ բան սովորել այս բեմադրությունից: Հավատում եմ, որ Հայաստանում ևս այդպես կլինի: Պիեսում ընդգծվում է, թե ինչպես են ոխերիմ թշնամիները փորձում երկխոսել: Ե՛վ Եվրոպայում, և՛ Հայաստանում կարող են մտածել այդ մասին»,-շեշտեց Էրիկ Դե Մյունկը:

Ներկայացումը երևանյան բեմում էր Եվրոպական խորհրդի՝ Բելգիայի նախագահության հովանու ներքո և Եվրոպայի օրվա շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում