Պատմության գանձերը. Ք․ա․6-5-րդ դարերին թվագրվող թռչնակերպ ծայրերով ոսկյա կրծքազարդը՝ տարածաշրջանում զարգացած ոսկերչության խորհրդանիշ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք․ա․6-5-րդ դարերին թվագրվող թռչնակերպ ծայրերով ոսկյա կրծքազարդը հայտնաբերվել է Արմավիրի մարզում պեղումների ժամանակ: Այն խոսում է այդ ժամանակաշրջանում տարածաշրջանում զարգացած ոսկերչության մասին: Այդ ժամանակաշրջանում պատրաստվել են շատ նուրբ զարդեր, որոնք նախատեսված են եղել հիմնականում վերնախավի համար:

Կրծքազարդի գեղարվեստական և ոճական յուրահատկությունների ուսումնասիրությունը մասնագետներին թույլ է տալիս պնդել, որ այն տեղական ծագում ունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը նշեց, որ պեղումների ընթացքում որոշել են ոսկու ծագումը, որի արդյունքում պարզվել է, որ կրծքազարդի պատրաստման համար օգտագործվել է ներկայիս Սոթքի հանքավայրի ոսկին:

Մասնագետը նշեց՝ կրծքազարդը մահիկաձև է` ծայրերին մեկական թռչնի ոճավորված պատկերներով: Թռչունների գլուխները թեքված են առաջ, կտուցները` իջեցրած կրծքին: Պոչերը հովհարաձև են, թևերը ծալված են` եզրագծված փոքր կորություններով: Առաջին հայացքից թռչունների թեփուկավոր թվացող իրաններն արված են մանր միջնորմապատերով առանձնացված բջիջներից, որոնք ընդգծում են մարմնի մանր փետուրները:

«Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են: Ծառերը վերից և վարից եզերված են եռանկյունիներից կազմված նեղ գոտիով: Ծառերի պատկերման նախատիպերը գալիս են ուրարտական արվեստից և զուգահեռներ ունեն Պերսեպոլսի բարձրաքանդակներում: Կրծքազարդի ստորին եզրը գոտեվորված է մեկընդմեջ լոտոսի ծաղկի և բողբոջի ծաղկեշղթայով: Զարդը ընդելուզված է եղել սպիտակ և կապույտ էմալով (պահպանվել են միայն մնացորդները)»,- ասաց Զոհրաբյանը:

Խոսելով կրծքազարդի ոճային առանձնահատկություններից՝ մասնագետը նշեց, որ այն ձևով, հարդարման տարրերով իր նախատիպն ունի Ուրարտուի կրծքազարդերի մեջ, իսկ գեղարվեստական զարդարմամբ, պատրաստման եղանակով պատկանում է աքեմենյան մշակույթին:

Ըստ մասնագետների՝ կրծքազարդը նախատեսված է եղել տղամարդկանց օգտագործման համար:

Հեղ.ԳայանեԳաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատորներ՝ՀովհաննեսՄկրտչյան, Հայկ Բարսեղյան

Հայերեն العربية Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին