Դանիլա Կոզլովսկին Frank ներկայացմամբ երևանյան բեմից հորդորեց սիրել միմյանց ու երջանիկ լինել
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կինոյի և թատրոնի սիրված դերասան Դանիլա Կոզլովսկին փոքր տարիքում է ծանոթացել Ֆրենկ Սինատրայի երգերին, սիրել նրա կերպարն ու ամբողջ կյանքի ընթացքում փորձել ինչ-որ չափով նմանվել նրան: Կյանքը Կոզլովսկուն տարբեր ուղղություններով է տարել, բայց դեգերումներից հետո նա հասկացել է՝ ինքը պետք է դերասան դառնա, լինի բեմում և նվաճի ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ արտերկիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոզլովսկին իր կենսագրության հետաքրքիր դրվագները պատմեց Frank երաժշտական ներկայացմամբ, որն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում էր հունիսի 4-ին:
Արտիստի խոսքով՝ “frank” անգլերենից թարգմանաբար նշանակում է անկեղծ: Այդպիսին էր նա Երևանում:
Կոզլովսկին մոր, որը դերասանուհի է և ամեն երեկո իրեն Պուշկինի ստեղծագործություններն է սովորեցրել, հոր, որը մասսայական միջոցառումների ռեժիսոր է և եղբայրների՝ Եգորի, Իվանի հետ ապրել է Մոսկվայում: «1990-ական թվականներն են, և մենք ֆիննական հումանիտար օգնություն ենք ստանում՝ չորահաց, կաթ, մարմելադ և այլն: Փողոցում լարվածություն կա, ծնողներս խոհանոցում անընդհատ ինչ-որ բան են քննարկում: Աշուն է, ես բակի ծառի վրա նստած եմ, և իմ գլխավերևով թռչում են ինքնաթիռներ: Դա այնքան գեղեցիկ է: Հանկարծ մայրս հրամայում է շտապ տուն մտնել և փակում է դուռը, սակայն տանն անելիք կա, քանի որ մենք «Սոնի» մագնիտոֆոն ունենք, որով հնարավոր է Ֆրենկ Սինատրա լսել: Այդ տարին, այդ երաժշտությունը…»,-հիշում է արտիստը:
Կյանքի յուրաքանչյուր դրվագ ներկայացնելիս Կոզլովսկին պատմությունները վարպետորեն համադրում էր Սինատրայի որևէ երգի հետ: Երգում էր, պարում, խաղում և հանդիսատեսին գրավում պատանեկան արկածների անկեղծությամբ, պարզությամբ, երբեմն՝ խորությամբ:
Դերասանը հիշեց նաև իր առաջին սիրուն, ամառային ճամբարում անցկացրած հետաքրքիր օրերը, երբ կրկին սիրահարվել է, իրեն երևակայել, թե ավելի գրավիչ է, քան Լեոնարդո Դիկապրիոն, հիշեց Կրոնշտատդի ծովային կադետական կորպուսում սովորելու տարիները, Թատերական ակադեմիա ընդունվելու և հետագայում թատերական ոլորտում գրանցած հաջողությունները:
Երբ Կոզլովսկին Վենետիկի կինոփառատոնին մասնակցելու առիթ է ունենում, իր վաստակած ամբողջ գումարը ծախսում է Սինատրայի կոստյումի նման կոստյում կարելու և փայլուն, թանկարժեք կոշիկներ գնելու համար, որոնք ոտքին փոքր էին: Ասում է՝ ամբողջ փառատոնի ընթացքում վատ էի քայլում, փոխարենը ինքնավստահ էի ու երջանիկ:
«Կյանքիս ընթացքում ծանոթացել եմ բազմաթիվ լավ մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրին շնորհակալ եմ այն երջանկության համար, որով լցրել են իմ կյանքը, բայց իմ գլխավոր ուսուցիչներն իմ ծնողներն են՝ մայրս, հայրս, եղբայրներս, տատիկներս ու պապիկներս, մանկավարժներս, վարպետներս: Նրանցից յուրաքանչյուրն ինձ համար բացահայտում էր իր տիեզերքը, և ես շատ շնորհակալ եմ»,-շեշտում է արտիստն ու հավելում՝ նրանք իրեն հնարավորություն են տվել սխալվել, ներել են և սովորեցրել սիրել, որն ամենագլխավոր արժեքն է:
Դանիլա Կոզլովսկին մեծագույն ձեռքբերումն է համարում դստերը՝ Օդային, և խոստովանում, որ մինչ նրա ծնունդը իր կյանքն ասես իրական կյանքի նախաբան է եղել: Նա հորդորեց սիրել, գնահատել միմյանց:
Դահլիճը կանգնած և բուռն ծափահարություններով արձագանքեց ներկայացմանը՝ Կոզլովսկուն ստիպելով մի քանի անգամ վերադառնալ բեմ: Երեկոյի ավարտին արտիստը ներկաներին առաջարկեց միասին երգել Ֆրենկ Սինատրայի I Love You Baby ստեղծագործությունն ու հեռացավ՝ խոստանալով կրկին գալ Հայաստան:
Դանիլա Կոզլովսկին բազմատաղանդ արտիստ է: Նա պատանեկությունից նկարահանվել է ֆիլմերում, խաղացել թատրոնում, արժանացել է մի շարք մրցանակների։ Կոզլովսկին իրեն փորձել է նաև որպես ռեժիսոր։ 2015 թվականին առաջին անգամ ցուցադրել է իր վոկալ կարողությունները՝ հանդես գալով մենահամերգ-ներկայացմամբ։ Frank երաժշտական ներկայացման պարագայում Կոզլովսկին ոչ միայն կատարող է, այլև պիեսի հեղինակ։ Ներկայացման շուրջ աշխատել է Սավվա Սավելևի հետ, որն արտադրության ռեժիսորն է։