Մատենադարանում ստեղծվում է համահայկական ձեռագրացուցակի էլեկտրոնային հարթակ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանի ձեռագրական գանձերը կդառնան ավելի հասանելի. առաջիկայում կստեղծվի «Հայերեն ձեռագրացուցակների հասանելիության հարթակ»-ը, որը ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով կնպաստի Մատենադարանի ձեռագրական ժառանգության ավելի հեշտ ու արագ ուսումնասիրմանն ու հետազոտական աշխատանքների իրականացմանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ բացառիկ հարթակը կյանքի է կոչվելու «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության» աջակցությամբ։

Նա ընդգծեց՝ թվային տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը Մատենադարանի առաջիկա տարիների զարգացման ռազմավարության առաջնային նպատակներից է:

Խզմալյանը վստահեցրեց՝ առաջիկայում պետք է հասնեն այն կետին, որ Մատենադարանի թվայնացման բաժինը ուժեղացնի իր գիտական բաղադրիչը, ծրագրերը և չլինի միայն թվային պատճեններ ստեղծող և սպասարկող բաժին, այլ նաև ընդգրկված լինի հետազոտական աշխատանքներում։

«Բնականաբար, այստեղ շատ կարևոր է մեր համագործակցությունը տարբեր մասնագիտացված կազմակերպությունների և կենտրոնների հետ, որոնք զբաղվում են նորագույն բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ:

Երբ խոսում ենք Մատենադարանի արդիականացման մասին, նկատի ունենք ոչ միայն ենթակառուցվածքների արդիականությունը, այլ նաև բովանդակայինը, այսինքն՝ պետք է անել ամեն ինչ, որ նորագույն թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը ընդգրկվեն տեքստաբանական հետազոտությունների և ձեռագրերի ուսումնասիրության մեջ»,- նշեց Խզմալյանը։

Մատենադարանի տնօրենը, ներկայացնելով ծրագրի մասին մանրամասներ, նշեց, որ «Հայերեն ձեռագրացուցակների հասանելիության հարթակ»-ը (Armenian Manuscript Catalogue Access Platform) կյանքի կոչելու նպատակով «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկությունը» Մատենադարանին է հատկացրել 40,000 եվրո դրամաշնորհ: Ըստ նրա՝ նախատեսվում է ստեղծել թվային հարթակ, որտեղ համապարփակ կերպով հասանելի կդառնան հայերեն ձեռագրացուցակների տվյալները:

Խզմալյանի խոսքով՝ այն, ինչ իրագործելու են հիմնադրամի հետ համատեղ, առաջին քայլն է դեպի ավելի մեծ նպատակներ և գաղափարներ: Մատենադարանի մասնագետների ընդգրկմամբ ձևավորվելու է մի հարթակ՝ էլեկտրոնային ձեռագրացուցակ, որտեղ լայն հնարավորություններ կլինեն ձեռագրերի որոնման համար:

Նա ընդգծեց՝ հարթակը չի ներառելու միայն Մատենադարանում պահվող ձեռագրերը. այն լինելու է համահայկական ձեռագրացուցակ: Հարթակում ընդգրկվելու են նաև աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հոգևոր և աշխարհիկ կենտրոններում պահվող բացառիկ ձեռագրեր, ինչն, ըստ Խզմալյանի, էապես կտնտեսի գիտնականի ժամանակը և հնարավորություն կտա շատ ավելի կարճ ժամանակում գտնել հետաքրքրող նյութը:

«Այս ծրագրի շրջանակում ստեղծվող հարթակն ունենալու է որոնողական տարբեր գործիքներ, որոնք ուսումնասիրողների աշխատանքը կդյուրացնեն աննախադեպ կերպով և հնարավորություն կընձեռեն ավելի խորը համեմատական ուսումնասիրություններ կատարել:

Առցանց հարթակը պարբերաբար հարստացվելու է ձեռագրերի նոր նկարագրություններով և հնարավորություն է ընձեռելու աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մասնագետներին կամ պարզապես ձեռագրերով հետաքրքրվող անհատներին արագ և մատչելի կերպով անհրաժեշտ տեղեկություններ ստանալ տարբեր դարերում ստեղծված հայերեն ձեռագրերի վերաբերյալ»,- նշեց Մատենադարանի տնօրենը:

Սկզբնական ներկայացվել է երկամյա ծրագիր, սակայն հաստատվել և հիմնադրամի կողմից ֆինանսավորվել է ծրագրի մեկ տարին՝ նշեց Խզմալյանն ու հավելեց, որ այդ մեկ տարվա ընթացքում կիրականացվեն իրենց հիմական նպատակները:

Նա ընդգծեց՝ ծրագրի աշխատանքները մեկնարկելու են 2024 թվականի հունիսից և տևելու են 18 ամիս: Արդյունքում կստեղծվի Մատենադարանի մայր ցուցակների բովանդակությունը պարունակող որոնողական շտեմարան, որը տարիների ընթացքում կհարստացվի պարբերաբար ներմուծվող ձեռագրական տվյալներով և գործիքակազմով:

Գայանե Գաբոյան

Հայերեն Русский

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում