Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

4 րոպեի ընթերցում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հունիսի 4-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 4-ին շարժումը հավաք էր անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ պահանջելով հանդիպում Պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Թեև Մանասյանը պատրաստ էր ընդունել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ևս չորս ցուցարարի՝ առանց լրատվամիջոցների մասնակցության, սակայն հանդիպում տեղի չունեցավ. շարժումը բաց և թափանցիկ հանդիպում էր պահանջում։

Ամփոփելով շարժման կողմից իրականացված գործողությունները՝ Գալստանյանը նշեց, որ սա ընդդիմության պայքար չէ, սա համերաշխության պայքար է։

«Այս շարժման մեջ որևէ այլ տեսակի արժեք ներթափանցում չունի, քան ճշմարտության համար պայքարը, հայրենիքը և պատիվը։ Ամեն ինչ, ինչ նախատեսել ենք և ծրագրել ենք, իր արդյունքը, ի վերջո, արձանագրելու է։

Այսօր գնացել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ցանկացել ենք, որպեսզի հանրային հանդիպում ունենանք։ Պաշտպանը առաջարկել է չորս հոգու հետ հանդիպել առանց լրագրողների, մենք էլ չենք ընդունել առանց լրագրողների հանդիպման առաջարկը, որովհետև իր առաջին պարտականությունը հանրային լինելն է, ժողովրդին ներկայացնելն է այն բոլոր գործերը, որոնք իրականացվում են։ Եվ այդ գործերը հիմնականում քաղաքացուն պաշտպանելն է անօրինականություններից»,-ասաց շարժման առաջնորդը։

Արձագանքելով Մանասյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է եկեղեցու և պետության միջև կամուրջ հանդիսանալ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ ՄԻՊ-ի գործը իրավունքները պաշտպանելն է, գնահատելն է, այլ ոչ թե կամուրջ հանդիսանալը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խորհուրդ տվեց նաև իրենց շարժման շարքերում գտնվող որոշ մարդկանց շատ մեծ-մեծ չխոսել, հատկապես` տարբեր ատյաններում։

«Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում մեր մեջ, որովհետև շատ մտերիմ շրջանակներ են և շատ էլ լավ գիտեն, թե մեր ծրագիրը ինչ կերպով է գնում և շատ էլ լավ գիտեն բովանդակությունը։ Եվ իմ խորհուրդն է, որ իրենք լեզուները մի քիչ քաշած պահեն, եթե չեն ուզում լեզուները քաշենք։ Լավ կլինի, որ այդպես լինի։ Այո, այս շարժումը նաև ինքնամաքրվող շարժում է»,- ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթի ընթացքում խոսեց առաջիկա անելիքների մասին՝ տեղեկացնելով, որ հունիսի 9-ին, ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

«Հանրահավաքին կներկայացնեմ առաջիկա օրերին ինչ ենք անելու և նաև որոշ խոսակցություն կլինի քաղաքական օրակարգի մասին»,- ավելացրեց շարժման առաջնորդը՝ ընդգծելով, որ շատ կարևոր հանրահավաք է լինելու։

Նա նաև տեղեկացրեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 5-ին կմեկնի Վարդենիս, մտադիր են առաջիկա օրերին Սյունիքի մարզ ևս այցելել։

Հարթակից ելույթ ունեցան նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։ Հավաքն ավարտվեց համերգային ծրագրով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում