Հայտնի ֆուդ բլոգերներն ու ամենահամեղ ուտեստները՝ մեկ վայրում. HerMine Dialog Show-ն բացօթյա հարթակում կհամախմբի խոհանոցի սիրահարներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղորդավարուհի, դերասանուհի Հերմինե Ստեփանյանը երբեք կանգ չի առնում, մշտապես ներկայանում է նոր ու հետաքրքիր գաղափարներով, նախագծերով, որոնք գրավում են հանրության լայն շրջանակի ուշադրությունը: Այս անգամ նա բացօթյա հարթակում կներկայացնի HerMine Dialog Show-ն՝ մեկ բեմում համախմբելով հայաստանաբնակ և արտերկրի ճանաչված հայ ֆուդ բլոգերներին։

HerMine Dialog Show-ն միտված է Հայաստանը որպես գաստրոտուրիզմի երկիր դիրքավորելուն, հայկական խոհանոցի և գինեգործության հանրայնացմանն ու հայկական արտադրանքի և մթերքների ճանաչելիության բարձրացմանը:

«Արմենպրես»Podcast-ում հյուրընկալել ենք Հերմինե Ստեփանյանին և նրա հետ զրուցել HerMine Dialog Show-ի, յութուբյան հարթակում հեռարձակվող HerMine Dialog հաղորդման և մի շարք այլ հարցերի մասին:

«Հունիսի 7, 8, 9-ին բաց երկնքի տակ՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում, կանցկացվի «Երևանյան գաստրոնոմիկ շոուներ»-ը, որի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր շոուներ են նախատեսվում, միշլենյան աստղերի արժանացած խոհարարներ են լինելու, տեղացի խոհարարներն են մասնակցելու, արցախցի կանայք, որոնք ժենգյալով հաց են պատրաստելու և վարպետության դաս են անցկացնելու: Շոուների մեծ մասը երեք օրվա ընթացում վարելու եմ ես, սակայն ցանկանում եմ առանձնացնել HerMine Dialog Show-ն, որը տեղի կունենա հունիսի 7-ին 16:30-ից 18:30-ը: Շատ հետաքրքիր ձևաչափ է: Հավատարիմ մնալով HerMine Dialog նախագծին՝ այն կունենա ճաշացանկ, սակայն՝ չորս ուտեստով: Առաջինը նախուտեստ կլինի, երկրորդը՝ աղցան, երրորդը՝ հիմնական ուտեստը և դեսերտ»,-նշում է Հերմինե Ստեփանյանը:

HerMine Dialog Show-ի տաղավարում կլինեն հայտնի հայ ֆուդ բլոգերներ, որոնք ապրում են Հայաստանում և երկրից դուրս: Նրանք են Կարինե Վարդանյանը (ՄուշԿարա, ՌԴ), Շահան և Մելիս Թերզիբաշյանները (Cairo Food Cuple, Եգիպտոս), Շաղիկ Տեր-Վարդանյանը (Հայաստան), Սոնյա Ավագյանը (Մոսկվա):

«Արդեն մշակել են ճաշացանկը, որում գերակշռելու են հայկական մթերքները: Պատրաստելուց հետո ուտեստները մատուցելու ենք 140 հյուրի: Մթերքները համադրելու ենք հայկական գինու հետ: Ինչպես HerMine Dialog-ի ժամանակ, այնպես էլ HerMine Dialog Show-ի ընթացքում հյուրերի հետ անցկացնելու եմ հարցազրույցներ: Պատմելու ենք նրանց մասին, հայկական մթերքների, հայկականության մասին, թե ինչպես են հյուրերը, ապրելով արտերկրում, կարողանում պահպանել հայ մնալու բարձր պատիվը: Հյուրերը սոցիալական հարթակներում մեծ թվով հետևորդներ ունեն՝ 500 հազար, 600 հազար և այլն, ինչը հայերիս համար կարևոր է»,-պատմում է Ստեփանյանը:

Հերմինեն շատ է սիրում երկխոսության ձևաչափը, ուստի HerMine Dialog Show-ի ընթացքում թե՛ հաղորդավարուհուն, թե՛ հյուրերին հարցեր տալու հնարավորություն կլինի: Նախատեսվում են խաղարկություններ և այլ անակնկալներ:

Հերմինե Ստեփանյանի կյանքում արվեստը, ստեղծարարությունն ու նորի բացահայտումները միշտ իրենց ուրույն տեղն են ունեցել։ Դեպի հեռուստատեսություն, կինո, արվեստ ու խոհարարություն տանող ճանապարհներին Հերմինեի թողած հետագիծը նպաստել է Հայաստանի ու հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանը թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում։

2000-ականների սկզբին մասնագիտական ուղին սկսելով հեռուստատեսության ոլորտում՝ ի թիվս տարբեր նախագծերի, հեղինակել ու վարել է խոհարարական հաղորդումներ։ «Դար 21» հեռուստաընկերության «MIX-եր» խոհանոցային հաղորդաշարի հաղորդավարն ու սցենարիստն է եղել, Հանրային հեռուստատեսությամբ էլ վարել է «Ազգային համեր» հաղորդաշարը։

Հերմինեն իրականացրել է «Life is Beautiful in Armenia» թվային նախագիծը՝ ներկայացնելով Հայաստանի չբացահայտած ու գողտրիկ անկյունները։ Հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով իրականացրել է նաև «Wine is Beautiful in Armenia», «Testy Stories» նախագծերը։

Կինոդերասանուհի Հերմինե Ստեփանյանի ուղին ևս տպավորիչ է.նա խաղացել է հեղինակային ֆիլմերում՝ «Սպիտակ», «Շքամուտք», «Անիկո», «Զուլալի»՝ արժանանալով միջազգային հեղինակավոր մրցանակների՝ արդեն կինոյի լեզվով աշխարհում խոսելով հայկական հարուստ մշակույթի մասին։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն Русский