«Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը՝ Երևանում
2 րոպեի ընթերցում
![«Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը՝ Երևանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1138720.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո և Եվրոպայի օրվա շրջանակներում Երևանում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ հայ հանդիսատեսն առիթ կունենա վայելելու «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։
Ներկայացումը կկայանա հունիսի 5-ին, Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։
Բելգա-հոլանդական դուետը՝ Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրափերհաուսն այս ներկայացմամբ հարգանքի տուրք են մատուցում Եվրոպական Միությանը՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գրավիչ պատմություններով և սրամիտ անեկդոտներով։ Այսպիսով՝ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկայացման միջոցով հասկանալ Եվրամիության բարդ կառուցվածքը՝ հասանելի և գրավիչ մեկնաբանությամբ։ Դուետն անդրադառնում է նաև եվրոպական նորաթուխ և աշխարհահռչակ գործիչների, ինչպիսիք են Ժան Մոնեն և Ռոբերտ Շումանը, Ալտիերո Սպինելին, Ուրսուլա Հիրշմանը, Պոլ-Անրի Սպաակը և այլք։
Եվրոպական խոշորագույն քաղաքներում՝ Ռիգայում, Վիեննայում, Սարաևոյում, Լյուբլյանայում, Ամստերդամում, Աթենքում, Նիկոսիայում, Քիշնևում և Պրիշտինայում հյուրընկալվելուց հետո ներկայացումը բեմ կբարձրանա Երևանում։
«Մենք կազմակերպում ենք այս ներկայացումը Եվրոպական Միությունում Բելգիայի նախագահության ավարտի կապակցությամբ։ Այս ներկայացումը շրջագայել է Եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքներում և ավարտվելու է Երևանում, որը խորհրդանշանական է Հայաստանի կառավարության եվրոպական ձգտումների տեսակետից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը։
ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ