Տնտեսություն

2022 թվականի վերջի տվյալներով՝ հիփոթեքային վարկ ունեցողների 14 տոկոսը երկուսից ավելի հիփոթեքային վարկ է ունեցել

3 րոպեի ընթերցում

2022 թվականի վերջի տվյալներով՝ հիփոթեքային վարկ ունեցողների 14 տոկոսը  երկուսից ավելի հիփոթեքային վարկ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին Հայաստանում պահպանվել է հիփոթեքային վարկերի տրամադրման աճը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հունիսի 3-ի ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«2023 թվականին նոր տրամադրվող հիփոթեքային վարկերի մեծածավալ աճը պահպանվել է, ինչը միաժամանակ ուղեկցվել է նաև անշարժ գույքի գների շարունակական աճով։ Դրանք փոխսնուցվող աճեր են, ինչը հիփոթեքային շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերի առկայության մասին կարող է վկայել։ Միաժամանակ, վարկային ռեգիստրի միկրոտվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկից ավելի հիփոթեքային վարկ ունեցողների կշիռը 2017-18 թվականներից սկսած աճել է։ 2022 թվականի վերջի դրությամբ երկուսից ավելի հիփոթեքային վարկ ունեցողների տեսակարար կշիռն ընդհանուր պորտֆելում կազմել է մոտավորապես 14 տոկոս։ Երեք հիփոթեքային վարկ է ունեցել բնակչության 4 տոկոսը»,- հայտնեց Մարտին Գալստյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի բանկային համակարգը ներկայումս բնութագրվում է կապիտալի և իրացվելիության բավականին բարձր բուֆերների պաշարներով, ուստի բանկային համակարգի համար իրականացված մակրո սթրես թեստավորման ամփոփ արդյունքները վկայում են, որ նույնիսկ խիստ վատատեսական սցենարի դեպքում համակարգն ունակ է կլանել հնարավոր կորուստները՝ պահպանելով ֆինանսական միջնորդության անընդհատությունը։ Այնուամենայնիվ, կան նաև աճող անորոշություններ, որոնցով պայմանավորված համակարգային ցիկլային ռիսկերի նյութականացման հավանականությունը ԿԲ-ն բարձր է գնահատում։

Նշվեց, որ տարվա ընթացքում վարկային շուկայում զարգացումներից ածանցված ցիկլային ռիսկերն ընդհանուր առմամբ հավասարակշռված են եղել։ «Այն ոչ թերագնահատված է, ոչ էլ՝ գերագնահատված։ Բացառություն է հիփոթեքային վարկավորման ոլորտը, որտեղ պահպանվել են նախորդ տարիներին դիտված ծավալային աճի միտումները։ Տարվա ընթացքում ակտիվությունն աճել է նաև սպառողական վարկերի շուկայում»,- նշեց Մարտին Գալստյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների միջավայրում Կենտրոնական բանկը, կարևորելով համակարգային ռիսկերի կառավարման ապագային միտված մոտեցումը, նախորդ տարվա ընթացքում 0.5 տոկոսային կետով բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը՝ 2023 թվականի օգոստոսից այն սահմանելով ռիսկով կշռված ակցիզների 1.5 տոկոսի չափով։ Վերջինս նպատակ ունի բարձրացնելու բանկային համակարգի ամրության պաշարները, նաև որոշակիորեն կանխելու հնարավոր ռիսկերի կուտակումը համակարգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում