«Արմենպրես»-ի ֆոտոլրատվության դպրոցի սաները ստացան սպասված հավաստագրերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ հինգ տարի «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ֆոտոլրատվության դպրոցը երիտասարդներին հնարավորություն է տալիս գիտելիքներ ձեռք բերել ֆոտոլրագրության բնագավառում, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆելիքս Առուստամյանի շնորհիվ սիրել լուսանկարչի մասնագիտությունը և հետագայում զբաղվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ:

Մայիսի 30-ին ֆոտոլրատվության դպրոցի 2023-2024 թվականի շրջանավարտներին «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը հանձնեց սպասված հավաստագրերը, որոնք, ինչպես շրջանավարտներն են խոստովանում, իրենց համար կարևոր նշանակություն ունեն:

Շրջանավարտներին դիմելով՝ Նազարյանն ասաց՝ վստահ է՝ այն գիտելիքները, որոնք Ֆելիքս Առուստամյանը փոխանցել է, շատ կօգնեն երիտասարդներին և՛ հիմա, և՛ հետո: «Մենք հաճախ ենք լսում «պատկերավոր ասած» արտահայտությունը, ինչո՞ւ, որովհետև պատկերը երբեմն գալիս է լրացնելու այն, ինչը հնարավոր չէ փոխանցել խոսքով: Շատ արագ զարգացող աշխարհում, երբ երբեմն մեծ տեքստերին ծանոթանալու ժամանակ չի լինում, նյութերի վիզուալ հատվածը դառնում է ավելի խոսուն և թիրախային»,-շեշտեց Նազարյանը:

Նա շատ ուրախ կլինի, եթե «Արմենպրես»-ի ֆոտոլրատվության դպրոցը նաև մասնագիտական կողմնորոշման յուրահատուկ հարթակ դառնա:

2023-2024 թվականին դասերին, որոնք անվճար են, հաճախել է 13 մասնակից: «Մասնակիցների մեջ կան երեխաներ, որ շատ լավ «աչք» ունեն: Ուսանողներ են, դպրոցականներ, որոնք մեծ խանդավառությամբ են հաճախում դասերին, մասնակցում գործնական պարապմունքներին, ստանում հանձնարարություններ ու կերտում սեփական պորտֆոլիոն: Արդեն կան երեխաներ, որոնք հաջորդ տարվա դասընթացներին մասնակցելու ցանկություն են հայտնել»,-նշեց Առուստամյանը:

Լուսանկարչի խոսքով՝ դասընթացների մասնակիցների հետ սկսել է աշխատել զրոյից: Աշխատել են մեխանիկական տեսախցիկներով, ժապավեններով, հետո անցել են թվային ֆոտոխցիկներին: Առուստամյանը գոհ է կատարված աշխատանքից: Մասնակիցների լուսանկարներում բնությունն է, պատմամշակութային հուշարձաններն են, մարդիկ:

Տասնչորսամյա Մարի Կոստանդյանի խոսքով՝ ֆոտոդպրոցը զարգացրել է իր մտքի թռիչքն ու լուսանկարչության կարևոր հմտություններ է փոխանցել:

«Կրեատիվ մտքերը պետք էր ինչ-որ կերպ արտահայտել և կարծեցի, որ դա անելու ամենաարդյունավետ ձևը լուսանկարչությունն է: Որոշեցի սովորել այստեղ»,-ասաց նա: Մարիի լուսանկարներում գրքերն են, շենքերն են, բայց առաջիկայում նրա հերոսները կլինեն մարդիկ, որոնց կփորձի ներկայացնել տարբեր տեսանկյուններից:

Վիկտորյա Մկրտչյանը 21 տարեկան է և սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսում: «Համալսարանում ֆոտոլրագրության դաս ունեինք, բայց ժամերը քիչ էին: «Արմենպրես»-ում պրակտիկա էի անցնում և իմանալով ֆոտոդպրոցի մասին՝ ցանկություն հայտնեցի դասաժամերի պակասը լրացնել ֆոտոլրատվության դպրոցի դասերի օգնությամբ»,-նշեց Վիկտորյան, որը դասերին բավականին ուշ է միացել, բայց սովորել է ճիշտ աշխատել տեսախցիկի հետ, զարգացրել է լուսանկարչի տեսողությունը:

Տասնութամյա Էրիկա Սաֆարյանին լուսանկարչությունը գրավել է փոքրուց: Տեղեկանալով դասընթացների մասին՝ որոշել է դիմել: «Բազմաթիվ լուսանկարներ ունեմ, իսկ Ֆելիքս Առուստամյանի շնորհիվ սովորեցի ճիշտ լույսով աշխատել, ճանաչել տեսախցիկների օբյեկտիվները»,-նշեց նա: Էրիկան վստահեցրեց՝ առաջիկայում լուսանկարչությունը կդառնա իր մասնագիտությունը:

«Արմենպրես»-ի ֆոտոլրատվության դպրոցի դասընթացները կրկին մեկնարկելու են սեպտեմբերին:

Հայերեն العربية English Français Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ