Հասարակական

Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան

2 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանվել է 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրը նման որոշում է ընդունել ՀՀ կառավարության մայիսի 30-ի նիստում: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից:

Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ հարկերը և տուրքերը: Հունիսի 1-ից նշված մարզիկների նպաստի վճարման համար նախատեսված պետական ֆոնդը կկազմի 13 մլն 750 հազար դրամ: Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը. երեք ամսվա համար անհրաժեշտ գումարը կկազմի 26 մլն 250 հազար ՀՀ դրամ:

Միաժամանակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկանիշային մրցաշարերը դեռևս ընթացքի մեջ են, այն մարզիկները, որոնք Փարիզ-2024-ի ուղեգիր ձեռք կբերեն, բարձրացված նպաստը կստանան ուղեգիրը նվաճելու հաջորդ ամսվանից:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա 1-ը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչները, բժիշկներն ու մերսողները Կառավարության ծրագրով սպորտային նպաստ են ստանում:

Ծրագրի իրականացման համար ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է շուրջ 297 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում