Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում աշխատանքը պետք է դառնա պետական գաղափարախոսություն և ռազմավարություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ժողովրդական և պետական գաղափարախոսություն, իսկ չաշխատող մարդը չպետք է հարգանքի արժանանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

Ըստ Փաշինյանի՝ այն պայմաններում, երբ պետությունը բացառապես քաղաքացու լավ ապրելն ապահովելու գործիք է, ոչ միայն պետք է իրական Հայաստանը դառնա պետական գաղափարախոսություն և ռազմավարություն, այլ նաև աշխատանքը պետք է դառնա պետական գաղափարախոսություն և ռազմավարություն: Նա շեշտեց՝ լավ ապրելը թանկարժեք երևույթ է:

«Աշխատանքը պետք է Հայաստանում դառնա ժողովրդական և պետական գաղափարախոսություն: Չաշխատող մարդը չպետք է հարգանքի արժանանա: Ենթադրում եմ, որ այդպես էլ կա: Բայց նաև պետք է հասկանանք, որ չաշխատելու և դրա արդյունքում առաջացող խնդիրներն ունեն խորը ինստիտուցիոնալ պատճառներ, այդ թվում՝ սոցիալ–հոգեբանական, բայց կան նաև ինստիտուցիոնալ պատճառներ: Այս առումով կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրն է կրթության բարեփոխումների հարցում հետևողական լինելը»,–ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության նիստում գնահատական է տվել նրան, թե ինչ են սովորեցնում կրթական համակարգով: «Մեր կրթական համակարգով մենք սովորեցնում ենք տառապել, սովորեցնում ենք, թե ինչպես չի կարելի պատշգամբում կարճ տաբատով նստած սուրճ խմել այն դեպքում, երբ այսքան շատ խնդիրներ կան: Մինչդեռ մեր կրթական համակարգով մենք պետք է սովորեցնենք ապրել, լավ ապրել: Եվ պետք է սովորեցնենք, որ լավ ապրելու միայն մեկ ճանապարհ կա. դա պրոֆեսիոնալիզմն է, դա աշխատասիրությունն է, սեփական ընդունակությունը և տաղանդը զարգացնելու հմտությունն է, հարստանալու և հարստացնելու հմտությունն է»,–ասաց նա:

Ըստ վարչապետի՝ կրթական համակարգի շուրջ այս բանավեճն է տեղի ունենում, երբ ՀՀ կառավարությունը փորձում է դուրս բերել կրթական կղերաֆեոդալական տրամաբանությունը, որի նպատակը ապրելու միակ ձևը տառապանքը դարձնելն է շարքային մարդկանց համար։ Նրա խոսքով՝ էլիտաները բացարձակապես չեն տառապում, պատերազմների, խաղաղության, համաճարակի, ճգնաժամի ժամանակ էլ չեն տառապում:

«Ինչ պետք է սովորել և ինչպես պետք է սովորել, որոշում է ժողովուրդն իր ընտրած մարմինների միջոցով՝ այն տրամաբանությամբ, որ իր կողմից ընտրված մարմիններն իր զավակներին պետք է սովորեցնեն լավ ապրելու հմտությունը: Դպրոցը միայն մեկ բան պետք է տա՝ լավ ապրելու հմտությունը՝ այն տրամաբանությամբ, որ լավ ապրելու մեջ կարևորագույն պայման են ինքնությունն ու արժեքները»,–ասաց Փաշինյանը:

Հայերեն Español فارسی Русский