Քաղաքականություն

Անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«Իմ կարծիքով՝ մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ մենք անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը՝ մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով»,–ասաց վարչապետը:

Նա կարևորեց արձանագրել, որ անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն:

«Անվտանգության այն կոնցեպտը, որը մենք մինչև այժմ իրականացրել ենք, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա նույնպես իրական Հայաստանի և ոչ իրական Հայաստանի հայեցակարգերի միջև ընկած ճեղքումն է:

Բարեկեցությունը, ըստ նրա, ևս բավարար չէ:

«Ի՞նչ է նշանակում բարեկեցություն. եթե շատ սաղմնային մակարդակում նայենք, մարդն ունի շոր, սնունդ, աթոռ, որոշակի նյութական կարիքներ ապահովելու և բավարարելու հնարավորություն: Դա մեզ պե՞տք է բավարարի: Ոչ, ես կարծում եմ, որ չպետք է բավարարի: Այդ բոլոր պայմաններն ապահովելով՝ մարդը կարող է լինել ոչ երջանիկ: Հետևաբար, բարեկեցությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է երջանկություն»,–նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում