Պատմության գանձերը. կենդանակերպ արձանիկները խոսում են արվեստի և քանդակի շուրջ վաղ բրոնզեդարյան մարդու պատկերացումների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք․ա․ 3-րդ հազարամյակին թվագրվող կենդանակերպ արձանիկները հայտնաբերվել են Մոխրաբլուրից, Շենգավիթից, իսկ ամենամեծ քանակությունը՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղի հնագիտական հուշարձանից՝ 1966-1972 թվականներին իրականացված պեղումների ընթացքում: Կենդանակերպ արձանիկները, ըստ մասնագետների, իրենց մեջ արտացոլել են ժամանակի մարդու պատկերացումները շրջակա աշխարհի, արվեստի և քանդակի մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդապահ-կոնսերվատոր, հնագետ Մարիամ Սարիբեկյանը նշեց, որ հնավայրից գտնվել են 335 կենդանակերպ և մարդակերպ արձանիկներ։ Կենդանակերպ արձանիկների ճնշող մեծամասնությունը ցլեր են, 6-ը՝ թռչուններ, 15-ը՝ խոյ, հանդիպում են նաև այծերի, արջերի և շան արձանիկներ։

«Կենդանակերպ արձանիկներն իրենց մեջ արտացոլել են ժամանակի մարդու պատկերացումները շրջակա աշխարհի, արվեստի և քանդակի մասին։ Դրանք հիմնականում կարճ ոտքերով, երբեմն դուրս ցցված դնչով ու հստակ ոճավորված եղջյուրներով են։ Ձեռածեփ են, մանրահատիկ կավից, անխառն շաղախից, հազվադեպ հանդիպում են շատ մանր քարերի կամ բուսական մնացորդներ։ Պատրաստված են շատ լավ թրծման տեխնոլոգիայով, ինչի արդյունքում էլ ստացել են տարբեր գունավորումներ։ Չունեն արտահայտված նախշեր, գծազարդեր կամ դրոշմներ, սակայն երբեմն դրանց վրա կարելի է հանդիպել մատնահետքերի կամ գործիքների կիրառման հետքերի։ Այս արձանիկներից որոշներն ունեն դուրս ցցված սապատներ, փոր, քիթ, բերան և ականջներ»,- ասաց մասնագետը:

Մարիամ Սարիբեկյանը նշեց՝ Հառիճի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի տարածքից գտնված կենդանակերպ արձանիկները ըստ չափերի բաժանվել են 3 խմբի՝ մինչև 3սմ, 3-5 սմ և 5 սմ-ից մեծ երկարություն ունեցողներ, սակայն ճնշող մեծամասնություն են կազմում 3-5 սմ չափեր ունեցողները։

Արձանիկները հիմնականում պարանոցի հատվածում ունեն միջանցիկ անցքեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց հետ գտնվել են քառանիվ սայլի կամ անիվի մանրակերտեր՝ կարելի է ենթադրել, որ կենդանակերպ արձանիկները լծված են եղել փոխադրամիջոցներին։

«Երկրագործությունն ու անասնապահությունը խորհրդանշող այս առարկաները կարևոր տեղ են զբաղեցրել վաղ բրոնզեդարյան հանրությունների կյանքում: Ենթադրվում է, որ համեմատաբար ավելի փոքր չափերի արձանիկները կարող էին օգտագործվել նաև որպես կախազարդեր։ Գույների տեսանկյունից ունեն շատ մեծ նմանություններ, հիմնականում առանձնանում են մուգ շագանակագույնի տարբեր երանգներ և շատ ավելի բաց՝ դեղինի և նարնջագույնի տարբեր երանգներ, ինչը շատ հատուկ է վաղ բրոնզեդարյան մշակույթին»,- նշեց թանգարանի ֆոնդապահ Մարիամ Սարիբեկյանը:

Անդրադառնալով կենդանակերպ արձանիկների ժամանակագրությանը՝ մասնագետը նշեց, որ դրանք թվագրվում են վաղ բրոնզի դարով և գտնվել են կավե այլ առարկաների, անոթների բեկորների, քարից գործիքների և ոսկորների հետ միասին։

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Բադալյան

Օպերատորներ՝ Հովհաննես Մկրտչյան, Հայկ Բարսեղյան

Հայերեն Русский

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը