Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանը կներկայանա իր հիմնադիր Արամ Աբրահամյանին նվիրված ցուցադրությամբ

3 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանը կներկայանա իր հիմնադիր Արամ Աբրահամյանին նվիրված ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը մայիսի 29-ին արվեստասերներին կներկայացնի«Արվեստի ասպետ. Արամ Աբրահամյան» ցուցահանդեսը` նվիրված թանգարանի հիմնադիր, բժիշկ, պրոֆեսոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Արամ Աբրհամյանի 125-ամյակին և Ռուսական արվեստի թանգարանի 40- ամյակին։

442414594_852757543535406_2374591126297322662_n.jpg (324 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունում լուսանկարների, փաստաթղթերի և անձնական իրերի միջոցով կներկայացվի պրոֆեսորի կյանքը և գործունեությունը, ինչպես նաև Ռուսական արվեստի թանգարանի ստեղծման պատմությունը։

Թանգարանը ցուցահանդեսը բացում է մայիսի 29-ին, քանի որ Արամ Աբրահամյանը մայիսյան հերոսաարտերին Հայաստանում գործող առանձին կորպուսի լեռնահեծելազորային մարտկոցի շարքերում մարտնչել է Սարիղամիշի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի, Կարսի համար և մասնակցել է Սարդարապատի լեգենդար ճակատամարտին։

Ողբերգական իրադարձությունները, որոնք այնպես ցնցեցին երիտասարդ հայրենասերին, դրդեցին նրան ընտրել ամենահումանիստական մասնագիտություններից մեկը՝ բժշկի մասնագիտությունը:

Աբրահամյանի մոտ բուժվել է Չարենցը, նրա տանը հաճախ է հյուրընկալվել Իսահակյանը, իսկ վրձնի վարպետ Մարտիրոս Սարյանը մեծ գիտնականին կոչում էր «Հայ Տրետյակով»:

Արամ Աբրահամյանը նաև արվեստի մեծ սիրահար էր: Պրոֆեսոր Աբրահամյանը սիրահարված երիտասարդի խանդավառությամբ փնտրելով, ընտրելով, արվեստաբաններին ցույց տալով և վերականգնման ենթարկելով՝ հավաքել է արծաթե դարաշրջանի՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստի ստեղծագործություններ։

Որպես իր հայրենիքի արժանի զավակ՝ մեծանուն բժիշկը որոշում է իր հավաքածուն նվիրել Հայաստանին և 1977 թվականին նամակով դիմում է ՀԽՍՀ կառավարությանը՝ հայտնելով իր որոշման մասին։

ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 1979 թվականի հունվարի 16, № 14 հրամանագրով որոշվում է ազատել Թամանյան փողոցում գտնվող Նորաձևության տան տարածքը և այն տրամադրել պրոֆեսոր Ա․ Հ․ Աբրահամյանի հավաքածու-թանգարանի ստեղծմանը:

1980-1983 թվականներին Արամ և Մարիա Աբրահամյանները Երևան են տեղափոխում Հայաստանին նվիրաբերած իրենց արվեստի հավաքածուն։ 1984-ին Երևանում պաշտոնապես այցելուների առջև իր դռներն է բացում «Պրոֆ․ Ա․ Հ․ Աբրահամյանի հավաքածու» թանգարանը։

Թանգարանի ստեղծումը բացառիկ երևույթ դարձավ սերունդների համար՝ տեսնելու, շփվելու, հնարավորինս մոտ լինելու արծաթե դարաշրջանի արվեստի գլուխգործոցներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում