Հասարակական

Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը. Գյումրիում մեկնարկել է համաժողով

7 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստակամ է  քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը. Գյումրիում մեկնարկել է համաժողով

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպես 2024 թվականի ԱՊՀ սպորտի մայրաքաղաք՝ Գյումրին մայիսի 24-ին հյուրընկալեց ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի մասնակիցներին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համաժողովը վարում էր ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Համաժողովի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը: Այն ստացել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ երկրների՝ ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի փոխնախարարներ, սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Ադրբեջանի ներկայացուցիչները համաժողովին մասնակցում էին առցանց։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ռուսաստանի մարզիկների միության նախագահ, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիդ Մուսուլբեսն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ասլանբեկ Խուշտովը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ պետական ​​քաղաքականությունն իրականացվում է մանկապատանեկան, երիտասարդական և մասսայական սպորտի, մեծահասակների սպորտի, հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի նպատակային զարգացմամբ և բարձր արդյունքների համար ֆինանսական խրախուսմամբ։ Ուշադրություն է դարձվում նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին։ Մշակվել է ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությունը»,- նշեց Կարեն Գիլոյանն՝ ընդգծելով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը Հայաստանում ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի հաստատմանը, առողջության խթանմանն ու տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ տարատեսակ մրցումներին ներգրավվածության բարձրացմանը։

Կարեն Գիլոյանը տեղեկացրեց՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում են գործող մանկապատանեկան մարզադպրոցները, կառուցվում են նոր մարզական հաստատություններ՝ իրենց ենթակառուցվածքներով։ Ուշադրություն է դարձվում մանկապատանեկան սպորտի զարգացմանը՝ մարզական ռեզերվ պատրաստելու, ազգային հավաքականները համալրելու և նոր սերնդի ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու համար։

«ՀՀ ներկայացուցիչները մասնակցում են ամառային, ձմեռային և պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, Համաշխարհային ունիվերսիադային և ԱՊՀ երկրների խաղերին, ինչպես նաև տարբեր մարզաձևերից կազմակերպվող այլ միջազգային մրցումների՝ նպաստելով տարբեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ներկայացրել ՀՀ-ում իրականացվող խոշոր մարզական միջոցառումները։

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ Հայաստանում պարբերաբար անցկացվում են նաև մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ վազքի, հեծանվավազքի, լողի և սեղանի թենիսի մասսայական մրցումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով:

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Հայաստանին առաջարկել է 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը, սակայն ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2027 թվականին Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:

Անդրադառնալով առաջիկա տարիներին սպասվող սպորտային իրադարձություններին՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ 2025 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը,վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը: 2026 թվականին ծրագրավորված են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, դարձյալ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը և մի շարք այլ միջոցառումներ:

«2023 թվականին ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Գյումրին հռչակեց 2024 թվականի ԱՊՀ սպորտի մայրաքաղաք, և դրա հետ կապված համաժողովը ծրագրվեց անցկացնել հենց Գյումրիում։ Սա ճանաչողական իմաստ ունի՝ մենք ներկայացնում ենք մեր երկիրը, մեր մարզական նվաճումները, միաժամանակ, ԱՊՀ երկրների խաղերի հետ կապված խնդիրներ են կարգավորում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ շեշտելով, որ սա լավ հնարավորությունն է՝ ոչ միայն մեր ձեռքբերումները ներկայացնելու, այլ նաև մյուսների փորձին ծանոթանալու։

«Միջազգային մակարդակներում մրցույթների անցկացման բավական հարուստ փորձ ունենք, այնպես որ ԱՊՀ 5-րդ խաղերն անցկացնելու որևէ խնդիր չի լինի, ու մենք հպարտությամբ դա կիրականացնենք»,-հավելեց Կարեն Գիլոյանը։

Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչներն այցելեցին Գյումրիի Երկրաշարժի հուշահամալիր, ծանոթացան քաղաքի մարզական ենթակառուցվածքներին: Նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում