Ինովացիա

Հայ աշակերտների ստեղծած ImUsum հարթակը՝ ուսուցման կառավարման թվային գործիք

5 րոպեի ընթերցում

Հայ աշակերտների ստեղծած ImUsum հարթակը՝ ուսուցման կառավարման թվային գործիք

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական ուսուցման մեթոդների և թվային գործիքների համադրմամբ հայ դպրոցականները մշակել են ուսուցիչների, աշակերտների և տնօրենների համար նախատեսված ImUsum թվային հարթակը, որը հնարավորություն է տալիս պարզեցնել ուսուցման գործընթացը՝ թվային նոր գործքների, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով:

OLD02443.JPG (822 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիրներ, Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Մենուա Ծատությանը, Նարեկ Խաչիկյանը և նախագծի ղեկավար ու ծրագրավորման, ինֆորմատիկայի ուսուցիչ Լուսինե Հունանյանը ներկայացրեցին, որ ստարտափը գալիս է հզորացնելու ուսուցիչներին և աշակերտներին՝ տրամադրելով հարթակ, որը ոչ միայն հեշտացնում է ուսուցման գործընթացը, այլ նաև ավելացնում մոտիվացիան:

«Հավելվածը կազմված է 7 գլխավոր էջերից: Աշակերտը կարող է տեսնել իր դասացուցակը, տնային հանձնարարությունները, գնահատականները, ուսման առաջընթացը, տարբեր դասագրքեր, օգտակար նյութեր, շտեմարաններ, կարող է առցանց շփվել ուսուցիչների և դասընկերների հետ, տեսնել դպրոցի վերջին նորությունները, անցնել տարբեր բարդության թեստեր, քննարկել արդյունքները, բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում ստանալ բոնուսային քարտեր, զեղչեր, լրացուցիչ նյութեր, կամ բոնուսները փոխանակել դպրոցական պարագաների հետ»,- ներկայացրեց 18-ամյա համահիմնադիր Նարեկը:

Narek-OLD02479.JPG (383 KB)

Նարեկը ավելացրեց՝ ուսուցիչներն իրենց հերթին հավելվածի ժամանակակից լուծումների շնորհիվ հնարավորություն կունենան օպտիմալ կառավարել աշակերտների աշխատանքները, գնահատման գործընթացը ավտոմատացնել, կազմել անհատական կամ խմբային առաջադրանքներ, հեշտ համագործակցել իրական ժամանակում՝ օնլայն շփման հնարավորությամբ: Իսկ տնօրենները իրենց համակարգում կարող են տեսնել դպրոցի ամբողջ անձնակազմին, տեղադրել գրքեր, նորություններ, կազմել դասացուցակներ:

Հիմնադիրները պատմեցին, որ համակարգին ինտեգրել են նաև արհեստական բանականության գործիքը, որը մի շարք գործողություններ ավտոմատ է դարձնում, այդ թվում՝ թեստերի կազմում ներբեռնված գրքերի հիման վրա, դասացուցակների համակարգում՝ կախված ուսուցիչների զբաղվածությունից, թեստերի գնահատում, խորհուրդներ տարբեր աղբյուրներից և այլն:

OLD02400.JPG (512 KB)

«Գաղափարը ծագեց, երբ մեր ուսուցիչներից մեկը բողոքեց ներկայիս համակարգի գործունեությունից: Սկզբից փորձում էինք տվյալ հարթակի փոփոխությունները շտկել, հետո հասկացանք, որ հարթակում մի շարք բացեր կան ու որոշեցինք մեր հարթակը ստեղծել՝ այդ բացերը հաշվի առնելով: Հարթակն իր մեջ ուսուցման գործընթացի վերաբերյալ ամեն ինչ ներառում է: Ուսուցիչների կամ դասընկերների հետ շփման համար ստիպված չենք լինի մեզ անհարմար սոցիալական կայքերում գրանցվել կամ դրանք օգտագործել»,- ներկայացրեց հարթակի գաղափարի հեղինակ, համահիմնադիր 17-ամյա Մենուան:

MenuaOLD02473.JPG (622 KB)

Տղաները պատմեցին՝ իրենց սերը ծրագրավորման հանդեպ դեռ վաղուց կա, հասցրել են արդեն մասնագիտությամբ աշխատել, առաջիկայում էլ այդ նպատակն են հետապնդելու: Նարեկը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաների կրթական ծրագրին է դիմելու, իսկ Մենուան արդեն աշխատել է ուզում:

Ուսուցիչ Լուսինե Հունանյանն էլ նշեց՝ տղաները բանակային տարիքում են, այս պահին մտածում են աշխատանքները հեռավար անցկացնելու մասին, ունեն նաև խնդիրներ՝ կապված ֆինանսավորման հետ։

OLD02459.JPG (422 KB)

«Հավելվածի նախագծով մասնակցել ենք «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2024»-ին և հաղթող ճանաչվել: Առաջիկայում պատրաստվում ենք նաև ներդրումներ ներգրավելու համար այլ քայլեր ձեռնարկել»,- ասաց Հունանյանը:

Տղաները ներկայացրին՝ հիմա հարթակի թեստավորման փուլում են, ներառականության ապահովման համար նաև այլ գործիքներ են մշակում: Աշխատանքի կեսն արված է:

OLD02404.JPG (361 KB)

Հիմնադիրները նպատակ ունեն հարթակը թողարկելուց հետո ընդլայնել դրա կիրառելիությունը Հայաստանի ողջ տարածքում՝ ավանդական կրթական մեթոդները համալրելով թվային դարաշրջանի լուծումներով:

OLD02419.JPG (597 KB)

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում