Մշակույթ

Թումանյանի 155-ամյակին նվիրված մշակութային միջոցառում է կազմակերպվել Մոսկվայում

2 րոպեի ընթերցում

Թումանյանի 155-ամյակին նվիրված մշակութային միջոցառում է կազմակերպվել Մոսկվայում

ՄՈՍԿՎԱ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված մշակութային միջոցառում։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ով անդրադարձել է Թումանյանի ստեղծագործության համամարդկային արժեքին, նշել, որ այն ոչ միայն բարձր է գնահատվել ժամանակի գրական մեծությունների կողմից, այլև շարունակում է շաղախել հայ և այլ ժողովուրդների մշակութային մերձեցումը։

Երեկոյի ընթացքում «Պերսպեկտում» հրատարակչության տնօրեն Ալինա Գասումյանովան ներկայացրել է հերթական գրական հանդեսը՝ նվիրված մեծ գրողին, իսկ արվեստաբան, պրոդյուսեր Պալինա Պավլովիչը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հովհաննես Թումանյանի գրական Վերնատունը՝ 20-րդ դարասկզբի գրական համագործակցության ֆոնին (Երևան, Թբիլիսի, Մոսկվա, Պետերբուրգ)» թեմայով։

Բանախոսն անդրադարձել է ժամանակի հայ գրական շրջանակների գործունեությանն ու ստեղծագործությունների թեմատիկային՝ դրանք ներկայացնելով 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ռուս եւ համաշխարհային մշակույթի գործիչների թողած ժառանգության համապատկերին։

Այնուհետև ներկաների ուշադրությանն է ներկայացվել մշակութային կենտրոնում գործող երիտասարդական թատերական ստուդիայի բեմադրած ներկայացումը Վերնատան մասին. հայերենով և ռուսերենով հնչել են մեծ գրողի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին հայկական համայնքի ներկայացուցիչներ, մշակույթի ռուս գործիչներ, Մոսկվայի պետական բուհերի դասախոսներ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում