Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որը իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետը մանրամասնել է, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները՝ կապված սահմանազատման կանոնակարգի հետ։ «Կարծես թե համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ, և կանոնակարգի նախագծի վրա աշխատանքները ինտենսիվ շարունակվելու են։ Ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք»,- հայտարարեց փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացված որոշումները իրագործելու հարցով զբաղվեն։ «Չնայած արդեն մեկ շաբաթից ավել Բաղանիս-Ոսկեպար հատվածում Հայաստանի սահմանապահ զորքերը արդեն իսկ իրականացնում են ծառայություն։ Այսինքն, սահմանային սյուների տեղադրման աշխատանքն ավարտելուց հետո սահմանապահ զորքերն արդեն տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի այդտեղ արդեն մշտական ծառայություն իրականացնեն։ Մյուս հատվածներում նույնպես սա տեղի կունենա»,- ասաց Փաշինյանը։

Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքումՀանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին մեկնաբանություն էր տվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հայերեն Español Türkçe

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը