Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանը «Կերոն» հիմնադրամի հետ կներկայանա նոր նախաձեռնություններով. կողմերը հուշագիր են կնքել

4 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանը «Կերոն» հիմնադրամի հետ կներկայանա նոր նախաձեռնություններով. կողմերը հուշագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրման հոբելյանական տարում կներկայանա նոր և հետաքրքիր ձևաչափով` համագործակցելով «Կերոն» հիմնադրամի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի և զարգացման հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

OLD04868.JPG (906 KB)

2024-ին թանգարանը նշում է իր հիմնադրի՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը և թանգարանի հիմնադրման 40-ամյակը։

«Կերոն»-ը նորաստեղծ հիմնադրամ է, որի գործունեության առանցքային ուղղությունն է Հայաստանում նվիրյալ և նախաձեռնող մասնագետների միջավայրի ձևավորումը: Միևնույն ժամանակ, հիմնադրամը Հայաստանում և նրա սահմաններից դուրս կիրականացնի տարաբնույթ ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի հանրահռչակմանը, հարուստ ժառանգության պահպանմանը և տարածմանը:

OLD04893.JPG (853 KB)

«Թանգարանների գործունեության համար շատ կարևոր են համագործակցությունները հատկապես այն կազմակերպությունների հետ, որոնք խթանում են մշակույթի զարգացումը և աջակցում են նորարարական ծրագրերին»-ասաց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ «Կերոն» հիմնադրամի հովանավորությամբ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Ռուսական արվեստի թանգարանի դիմաց կիրականացվի «Սիմֆոնիկ Կասկադ» ֆլեշմոբ՝ յուրօրինակ փոքրիկ նախաձեռնություն մայրաքաղաքի սրտում:

OLD04807.JPG (735 KB)

Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ այդ օրը կտրվի նաև համատեղ իրականացվող կրթամշակութային նախաձեռնությունների՝ «Երաժշտական ուրբաթներ» և «Կրթական շաբաթներ» ծրագրերի մեկնարկը։ Հունիսից մինչև սեպտեմբերի վերջ Ռուսական արվեստի թանգարանի դիմացի հատվածում յուրաքանչյուր ուրբաթ երեկո կհնչի դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, իսկ շաբաթ առավոտյան կլինեն ինտերակտիվ կրթական ծրագրեր փոքրերի և մեծահասակաների համար։

«Ակնկալում ենք, որ այս համագործակցությամբ կխթանվի թանգարանի նոր ձևաչափով հանդես գալը, որը և կնպաստի այցելուների աճին,- եզրափակեց թանգարանի տնօրենը:

Հիմնադրամի տնօրեն Վանանե Արարքցյանն էլ ներկայացրեց՝ հոբելյանական տարվա շրջանակներում «Կերոն» հիմնադրամի կողմից հովանավորվում է նաև Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահում «Մոսկվա-Երևան-Մոսկվա» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ռուսական արվեստի թանգարանի կազմակերպած այս յուրօրինակ ցուցահանդեսը կայանալու է հունիսի 4-ից օգոստոսի 12-ը և նվիրվում է թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125- ամյակին։

OLD04847.JPG (601 KB)

«Կարող ենք փաստել, որ այս թանգարանում 20-րդ դարի ռուս գեղանկարիչների՝ Ռուսաստանից դուրս գտնվող լավագույն հավաքածուն է: Ցավոք, Հայաստանում քչերն են տեղյակ այս թանգարանի և այստեղ գտնվող աշխատանքների մասին, և այդ իսկ պատճառով մենք որոշեցինք հենց այս թանգարանի հետ համագործակցությունը դարձնել հիմնադրամի առաջանային ծրագրերից մեկը: Ուրախ ենք, որ սկսում ենք մոտ կես տարվա ծրագիր թանգարանի հետ և վստահ ենք, որ ամփոփումից հետո կունենաք մեծ արդյունքներ»,- եզրափակեց նա:

OLD04823.JPG (834 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում