Քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ Երևանյան լճի հարակից տարածքում իրականցվել է ծառատունկ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ Երևանյան լճի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։
«Արմենպրես»-իհետ զրույցում քաղաքապետն ընդգծել է, որ կանաչապատման ուղղությամբ այն ճանապարհը, որով իրենք այժմ անցնում են, բավականին խրթին է և շատ հարցեր է առաջացնում։ Բայց քաղաքապետը վստահ է՝ իրենք ճիշտ ճանապարհին են։
«Այսօր մենք Երևանյան լճի հարակից տարածքում իրականացնում ենք ծառատունկ։ Տարածքը բարեկարգվում է դեռևս 2022 թվականից, և բավականին երկար ժամանակ է՝ այստեղ այդ աշխատանքներն իրականացվում են, և այժմ արդեն հասել ենք վերջնակետին։ Այս հատվածում ծառատունկից հետո մենք պլանավորում ենք ամբողջ լճի հարակից տարածքները նորից ուսումնասիրել, բարեկարգել և լիճը դարձնել զբոսաշրջիկների և երևանցիների համար հետաքրքիր այցելության վայր»,- նշել է Ավինյանը։
Հիշեցնենք, որ Երևանյան լճի մաքրման և բարեկարգման նախագիծը մեկնարկել է 2022 թվականից, որին զուգահեռ, քննարկվել է տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Ըստ նախագծի՝ նախատեսված է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, տեղադրել նստարաններ, աղբամաններ, կառուցել մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ: