ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մայիսի 9-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերատեսչությունը հայտարարությամբ հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը:
«ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,–ասված է հայտարարությունում: