Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները համերգով հանդես են եկել Ուջանի երաժշտական դպրոցի սաների հետ

3 րոպեի ընթերցում

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները համերգով հանդես են եկել Ուջանի երաժշտական դպրոցի սաների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելել են Արագածոտնի մարզի Ուջանի երաժշտական դպրոց և դպրոցի սաների հետ հանդես եկել համերգով, որի ընթացքում բոլորը փայլել են իրենց տաղանդով և գեղեցիկ ելույթներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տրվում արտահայտել դասական երաժշտության հանդեպ իրենց սերը, կատարելագործել երաժշտական հմտությունները, ձեռք բերել նոր հեռանկարներ և նոր ընկերական հարաբերություններ:

image00005.jpg (1.52 MB)

«Համախմբելով նույն երազանքներով և ձգտումներով ապրող պատանի տաղանդավոր երաժիշտների տարբեր տարածաշրջաններից՝ հիմնադրամը խթանում է Հայաստանի մարզերի հասակակից երեխաների շփումը, սերունդների միջև փոխադարձ կապն ու մշակույթի արժևորումը՝ սերմանելով միասնության զգացում:

Այցին ներկա էին նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, որոնք եկել էին ոգևորելու հայ շնորհալի պատանիներին: Մշտապես լինելով հիմնադրամի ու երեխաների կողքին՝ նրանք իրենց աջակցությամբ նպաստում են նրանց լուսավոր և հաջողակ ապագայի կերտմանն ու երազանքների իրագործմանը:

«Այսօր շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Ուջանի երաժշտական դպրոցի սաների համար: Մենք տեսանք, որ «Դասականը միավորում է» խորագրով միջոցառմանը միավորվեցին պատանի սերնդի շատ տաղանդավոր երեխաներ, նվագեցին դասական երաժշտության գեղեցիկ ստեղծագործություններ, անցկացրեցին հետաքրքիր ձևաչափով խաղ-մրցույթ և շփվեցին շատ ջերմ և ընկերական մթնոլորտում: Հիմնադրամի երեխաները, որոնք երաժշտության ոլորտում արդեն ունեն հաջողություններ, տաղանդ, եկան և իրենց փորձով կիսվեցին Ուջանի երաժշտական դպրոցի աշակերտների հետ, ինչը շատ մոտիվացնող է այստեղի երեխաների համար»,-նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

image00001.jpg (1.23 MB)

Ուջանում պատանի երաժիշտները ծաղիկներ են խոնարհել հայ ժողովրդի ազգային հերոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանին՝ չմոռանալով, թե ով ենք մենք ու մեր հերոսները:

image00006.jpg (1.29 MB)

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, որը հիմնադրամի ՀԽ նախագահն է: Հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման մեջ և արդեն հինգ տարի է իրականացնում է կրթական ծրագրեր՝ աջակցելով հայ տաղանդավոր պատանի երաժիշտներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում