Քաղաքականություն

ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է կրում. փորձագետ

8 րոպեի ընթերցում

ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է կրում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում Եվրամիության հետ հարաբերությունները մշտապես կարևորվել են, ուստի այդ հարաբերությունների սերտացումն այժմ ավելի ինստիտուցիոնալ բնույթ է կրում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց փորձագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։

«Փոխգործակցության խորացման առումով շատ կարևոր էր հատկապես Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի վավերացումը, որով ձևավորվեց բավականին բազմաոլորտ համագործակցության շրջանակ։ Այդ պայմանագրի ձևակերպումներն այնպիսին են, որ թույլ են տալիս, ըստ անհրաժեշտության, ավելի համաձայնեցնել ու խորացնել հարաբերությունները։ Դրանում հաշվի են առնված ներքին ու արտաքին աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական հնարավոր փոփոխությունները և այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունների ադապտացումը։ Ի դեմս այդ պայմանագրի՝ ունենք բավականին կենդանի փաստաթուղթ, ինչը հնարավորություն է ընձեռում այնքան խորացնել երկկողմ հարաբերությունները, որքան պահանջում են փոխադարձ շահերն ու միջազգային միջավայրն ու կոնյուկտուրան»,- ասաց Խալաթյանը։

Խոսելով համագործակցության անվտանգային բաղադրիչի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը իրենից ներկայացնում է քաղաքական առումով ուղենշային փաստաթուղթ, հետևաբար չի բացառում փոխգործակցության ամենատարբեր ձևաչափերն ու կարող է լրացվել նաև ռազմաքաղաքական համաձայնությունների պաշարով։

«Այդ առումով կատարվում են որոշակի քայլեր, որոնցից ամենակարևորն ու ավարտուն տեսք ունեցողը ԵՄ քաղաքացիական դիտորդների ինստիտուտի ներդրումն է Հայաստանի սահմաններին, որոնք ամրագրված են միջազգային պայմանագրերով։ Դիտորդներին տրվել է դիվանագիտական կարգավիճակ, ինչն ունի էական նշանակություն։ Դիտորդների ներկայությունը զգալիորեն լիցքաթափել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Դրան զուգահեռ՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը համաձայնել է ՀՀ-ին տրամադրել աջակցություն ռազմապաշտպանական ոլորտում ։ Այսօր ընթանում են ակտիվ բանակցություններ Հունգարիայի հետ։ Մեր ԱԳ նախարարը հունգարացի գործընկերոջ հետ նախատեսված հանդիպման ընթացքում կփորձի համաձայնության գալ, որպեսզի Հունգարիան չարգելափակի այդ աջակցությունը»,- ասաց Խալաթյանը։

Նա հիշեցրեց, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամը պաշտպանական միջոցներ է տրամադրում ագրեսիայից տուժած պետություններին, ինչպիսին, օրինակ, Ուկրաինան է, և այդ համատեքստում Հայաստանին նման աջակցության տրամադրումը նշանակում է, որ մեր երկիրը հավատարիմ է եվրոպական արժեքներին, այդ թվում՝ խաղաղասիրության, տարածքային ամբողջականության սկզբունքներին, ուստի ՀՀ-ին ֆինանսական զգալի միջոցների տրամադրումը փաստում է Հայաստանի՝ որպես միջազգային իրավակարգը հարգող պետության նկատմամբ եվրոպական համայնքի վստահության մասին։

«ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն ուղղված չէ երրորդ երկրի, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Հակառակ տեսակետը պնդողներն ուղղակի զբաղվում են մանիպուլյացիայով, որովհետև Հայաստանի իրավասու պաշտոնյաները բազմիցս տարբեր մակարդակներում հայտարարել են, որ հաշվի են առնում տարածաշրջանում առկա բոլոր զգայնությունները, հետևաբար Իրանի հետ ինտենսիվ կոմունիկացիան ցույց է տալիս պաշտոնական Թեհրանի զուսպ վերաբերմունքը ՀՀ-ի եվրոպական ուղղության քաղաքականության նկատմամբ։ Դա փաստում է, որ բոլոր ռիսկերը կառավարվում են։ ԵՄ-Իրան, ԱՄՆ-Իրան հարաբերությունները մաքոքային ձևաչափում արձանագրում են հնարավոր ջերմացման միտումներ։ Դրա ապացույցն է, օրինակ, Ֆրանսիա-Իրան խորհրդակցությունների գործընթացը, որի ուղղություններից մեկը Հայաստանում այդ երկու երկրների դեսպանների միջև հաստատված խորհրդակցությունն է»,- պարզաբանեց Խալաթյանը։

Նա հավելեց, որ ԱՄՆ-ն իր հերթին պատրաստ է որոշ պատժամիջոցներ չեղարկել միջուկային գործարքի շրջանակում։ Վերջերս ԵՄ արտաքին հարցերի բարձր հանձնակատարը խոսեց կառույցի անդամ մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու հավանականության մասին, ինչը նշանակում է, որ կոնկրետ ԵՄ-ն իր արտաքին քաղաքական քայլով մերձեցնում է դիրքորոշումն Իրանի համար շատ զգայուն հարցում։ Ըստ Խալաթյանի՝ այժմ Իրանի և Արևմուտքի հարաբերությունները չունեն բևեռացման այն աստիճանը, որն առկա է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում, հետևաբար Իրանը ԵՄ-ի կողմից դիտարկվում է նաև թուրքական և ռուսական գործոնները մեր տարածաշրջանում զսպելու շատ կարևոր գործոն։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցության տնտեսական բաղադրիչին՝ Խալաթյանն ասաց, որ այդ բլոկում կան բավականին հետաքրքիր նախագծեր, սակայն դրանց իմպլեմենտացիան չափազանց դանդաղ է ընթանում։

«Անգամ ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմաններում պետական մակարդակով կարող են որոշակի խրախուսող քայլեր կատարվել, որոնք թույլ կտան նաև եվրոպական բիզնեսին մտնել Հայաստան՝ ի հեճուկս նրա, որ ԵԱՏՄ-ում գործում են բավականին բարձր սակագնային չափանիշներ երրորդ երկրների կողմից արվող ներդրումների մասով։ Այստեղ կա ինստիտուցիոնալ որոշակի դժվարություն, սակայն կա նաև խնդիրները հաղթահարելու փոխադարձ ձգտում։ Կան համատեղ նախագծեր էներգետիկայի, ավիափոխադրումների, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում, որոնց դանդաղ գործարկումը կապված է հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման անորոշ ընթացքի հետ։ Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի զարգացումների պարագայում ԵՄ-ի տնտեսական ներդրումները կավելանան»,- նշեց մեր զրուցակիցը։

Խալաթյանի կարծիքով՝ ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման հարցը կարող է լուծվել ամենամոտ ապագայում, քանի որ քաղաքական ամենաբարձր մակարդակով այդ հանձնառությունն ու կամքը երկուստեք կա։ Պարզապես խնդիրը տեխնիկական է, քանզի կան որոշակի պարտավորություններ, որոնք պետք է ՀՀ-ն կատարի, այդ թվում՝ ռեադմիսիայի ու անձնագրավորման մասով, որովհետև կենսաչափական անձնագրերի բոլոր պարամետրերի ներդրումը պարտադիր է ԵՄ տարածք մուտք գործելու համար։ Կարևոր են նաև օրենսդրական ու իրավակիրառական փոփոխությունները եվրոստանդարտներին մոտենալու առումով։ Խալաթյանի կարծիքով՝ գնդակը Հայաստանի դաշտում է, որքան արագ ու վճռական գործի հայկական կողմը պարտավորությունների կատարման հարցում, այնքան արագ տեղի կունենա վիզաների ազատականացումը։ Քաղաքակրթական շփումները, քաղաքացիների միջև կապերի ակտիվացումը, միջմշակութային համագործակցությունը դրան նպաստող գործոններ են։

Մանվել Մարգարյան

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում