ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին Արարատի մարզի Սևակ ավանում մասնակցել է «Կապանտեքս» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Ընդհանուր առմամբ, կստեղծվի 50 նոր աշխատատեղ։ Պատրաստի արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։
Ըստ աղբյուրի՝ ներկայումս կառուցվել են երկու արտադրական անգարներ, նախատեսվում է ևս երկուսի գործարկումը։ Տարածքը բարեկարգված է, անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ձևավորված։
Նշվում է, որ այցի ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է տեքստիլ արդյունաբերության զարգացման կարևորությունը և ոլորտում աշխատողների համար գրավիչ պայմանների ստեղծումը։