Քաղաքականություն

Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան–Ադրբեջան սահման չլինի, գործի ուժեղի իրավունքը. Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան–Ադրբեջան սահման չլինի, գործի ուժեղի իրավունքը. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ սահմանը լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբեն Ռուբինյանն այս մասին խոսեց խորհրդարանի ամբիոնից՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին:

Ռուբինյանն ընդգծեց, որ ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու պայմանավորվածությունից: «Ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածությունը, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա–Աթայի հռչակագիրը: Դա ենթադրում է, որ վերականգնվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային միության փլուզման պահին՝ այսինքն 1991 թվականի դրությամբ: Ինչո՞ւ էր Ադրբեջանը փորձում սրանից խուսափել. պատասխանը հետևյալն է՝ որովհետև Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ այն լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը: Այսինքն՝ գործի հետևյալ տրամաբանությունը՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են»,–ասաց ԱԺ փոխնախագահը:

Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը լծվել է այդ տրամաբանության լեգիտիմացման գործին , ինչը տարօրինակ է: Ռուբինյանը կարծում է, որ երբ ընդդիմությունը բերում է ԱԺ հայտարարության նախագիծ, որտեղ ասվում է, որ պետք է սահմանազատման հիմք ընդունվի 1993 թվականի շփման գիծը, նշանակում է ասել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինեն իրավաբանական հիմնավորում ունեցող փաստաթղթերն ու քարտեզները, այլ շփման գիծը:

«Իսկ շփման գիծն ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում՝ ով որտեղ կարողացել, կանգնել է, այսինքն՝ կրկին ուժի իրավունք: Դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը: Երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցներն իրենց պարտավորությունները չեն կատարելու, և լինելու է այն, ինչ բազմիցս եղել է»,–ասաց Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում