Երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ. «Լադանիվա»-ն՝ եվրատեսիլյան երգի, ելույթի և սպասելիքների մասին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով ազատասիրություն է քարոզում, ասում, որ պետք չէ վախենալ սեփական կարծիքն արտահայտել, լինել այնպիսին, ինչպիսին կաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը, ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպեցին խորհրդանշական վայրում՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում. հենց փարաջանովյան մոտիվներով է նկարահանվել «Ժակո» երգի հոլովակը:

Նրանք հավաստիացրին՝ լավ տրամադրություն են փոխանցելու հանդիսատեսին, հնարավորություն են տալու երգել և պարել իրենց հետ:

«Մենք կարծում ենք՝ երգն ուրախ է, պարային է և լավ տրամադրություն ունի, ինչպես նաև՝ լավ հաղորդագրություն»,-նշեց Ժակլինը:

«Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն:

«Կարծում ենք՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ: Մենք անում ենք այն, ինչը սիրում ենք»,- ասաց երգչուհին:

Լուի Թոմասը «Ժակո» երգի երաժշտությունը գրել է՝ ոգեշնչվելով ֆրանսիական Ռեյունիոն կղզում լսած երաժշտությունից:

«Այդ կղզում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում: Ինչպես այնտեղ, այնպես էլ Հայաստանում այդ պարային երաժշտությունը շատ են սիրում: Մենք դհոլ ենք ավելացրել, որ հայկական հնչի»,- պատմեց Լուին և հայերեն ասաց՝ ուրախ է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում:

«Եվրատեսիլ»-ի շրջանակում «Լադանիվա»-ն արդեն հանդես է եկել Մադրիդում: Խմբին շատ լավ են ընդունել: Երկրպագուներն այնքան բարձր են երգել, որ Ժակլինը մոռացել է՝ ինքն էլ պետք է երգի:

«Այդ պահին ինձ շատ լավ էի զգում»,-խոստովանեց Ժակլինը:

Երգի հերոսուհին՝ Ժակոն, Ժակլին Բաղդասարյանն է:

«Ես մանկուց ազատություն եմ սիրել. շատ էի վազվզում, ծառ էի բարձրանում, չէի մտածում, թե ինչ տեսք ունեմ, որ կարող եմ կեղտոտվել, վնասել ինձ և այլն, հավերի հետևից էի վազում, և ինձ հաճախ էին ասում՝ աղջկա պես ինձ պահեմ, «հավաքեմ» ինձ: Պատահում էր՝ զգում էի, որ ինձ զերծ են պահում որոշ խոսակցություններից, քննարկումներից, որովհետև աղջիկ եմ: Չէի ընդունում դա: Իմ անհամաձայնությունն այս երգով եմ արտահայտել, որովհետև կարծում եմ ՝ մարդկանց պետք է ազատ թողնել, թույլ տալ արտահայտվել ու չվախենալ տարբերվելուց. որքան տարբեր ես, այնքան լավն ես»,- շեշտեց երգչուհին:

Այն մարդիկ, որոնք ժամանակին փորձել են սանձել Ժակլինին, այժմ ասում են. «Ապրես, Ժակո ջան, ինչ լավն ես, գիժ ես դու»:

«Նրանք ընդունում են ինձ: Սկզբում պայքարել եմ, որ պահպանեմ իմ խենթությունը, որ ինքս կարողանամ որոշումներ կայացնել, ինչի շնորհիվ զբաղվում եմ իմ սիրած գործով: Այդ մարդիկ էլ ուրախանում են ու ասում՝ ապրես»,-ասաց նա:

«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյան էլ ընդգծեց՝ ամեն տարի փորձում են հանդես գալ նոր ձևաչափով:

«Այդ առումով «Լադանիվա» խումբը լավագույն ընտրությունն էր: Այս տարի մրցույթի կարգախոսն է «United by Music» (Միավորված երաժշտությամբ): Կարծում ենք՝ «Լադանիվա»-ն շատ համահունչ է այդ կարգախոսին ու մրցույթին: Ինչպես «Եվրատեսիլ»-ն է շատ տարբեր մարդկանց, մշակույթները միավորում, այնպես էլ «Լադանիվա»-ն»,- ասաց Ծերունյանը:

Ապրիլի 22-ին Ժակլին Բաղդասարյանի ծննդյան օրն է: Նրան անակնկալ մատուցեցին՝ տարեդարձի գեղեցիկ ու խորհրդանշական տորթ և ծաղիկներ նվիրելով: Ժակլինն էլ իր հերթին անակնկալ մատուցեց ներկաներին՝ աղջիկներին իր կերպարով տիկնիկներ նվիրելով:

«Տարիներ առաջ, երբ Հայաստանում աղջիկներն ամուսնանում էին, նրանց մայրերն ու տատիկները տիկնիկ էին նվիրում, որպեսզի աղջիկները խոսեն նրանց հետ, եթե միայնակ զգան իրենց: Այս տիկնիկը՝ Ժակոն, կլսի և ուժ կտա ձեզ»,- նշեց Ժակլինը:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Լադանիվա»-ն հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Հայերեն

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ