Քաղաքականություն

Բլինքենը ողջունել է սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

2 րոպեի ընթերցում

Բլինքենը ողջունել է սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով պայմանավորվածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք»,–գրել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը սա կարևոր քայլ է համարել՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։ Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում