Քաղաքականություն

Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան

3 րոպեի ընթերցում

Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվածպայմանավորվածությանը։

«Հայաստանի իշխանությունները մեզ տեղյակ են պահել այդ հանդիպման և արձանագրության բովանդակության վերաբերյալ։ Եվ մեզ հայտարարել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այսինքն՝ միջազգային սահմանի հիման վրա։

Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սոբհանին՝ ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավորհարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում